Մամուլի տեսություն

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը «Հայոց Աշխարհ» թերթում շարունակաբար ներկայացվող հարցազրույցում հայ-ամերիկյան հարաբերությունները բնութագրում է որպես միանգամայն դրական: «Չեմ կարծում, թե որեւէ հիասթափություն կա Հայաստանի նկատմամբ», - ասում է նա: - «Անցյալ տարի ԱՄՆ-ի վարչակազմը իրոք մեծ սպասելիքներ ուներ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման իմաստով: Այդ առումով իրենք ակնկալիքներ ունեին նաեւ Հայաստանի իշխանություններից: Բայց կարգավորման գործընթացի ներկա վիճակը ամենեւին էլ Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետեւանքը չէ: Եվ բոլորին, այս դեպքում նաեւ ԱՄՆ-ին, քաջ հայտնի է, որ քիուեսթյան պայմանավորվածությունների խախտողը ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է եղել»: «Այս իմաստով հանդիպումների ժամանակ մեր ներկայացրած բոլոր փաստարկները ընդունվում են Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, եւ այս հարցերում երբեւէ Հայաստանի հանդեպ որեւէ մեղադրանք չենք լսել», - հավաստում է դեսպանը: - «Այլ հարց է, որ շատ հասկանալի պատճառներով նախընտրական ներկա ժամանակաշրջանն օգտագործվում է տեղեկություններ տարածելու, թե մեկ Ռուսաստանը լավ չէ Հայաստանի հետ, մեկ՝ Իրանն է վատ տրամադրված, մեկ էլ՝ ԱՄՆ-ում են հիասթափված եւ այլն»: Ըստ Արման Կիրակոսյանի, հայ-թուրքական խնդիրներում էլ Հայաստանի դիրքորոշումները չափազանց հստակ են ու առավել անխոցելի, քան թուրքական կողմի դիրքորոշումներն ու վարած քաղաքականությունը, եւ «հաճախ ամերիկացիներն էլ նկատում են, որ իսկապես շատ դժվար է աշխատել Թուրքիայի հետ»: «Եթե ուշադրությամբ ծանոթացել եք Բուշի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարությանը, ապա նկատած կլինեք, որ ԱՄՆ-ի նախագահը միմիայն մեկ կողմին՝ Թուրքիային է կոչ անում զարգացնել շփումները, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Սա խոսում է ամերիկյան վարչակազմի հստակ դիրքորոշման մասին», - առանձնացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամները կարծում են, որ հանձնաժողովի լիարժեք աշխատանքները կարող են վերսկսվել միայն այն կետից, որում դրանք ընդհատվել են: Այս դիրքորոշումը «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հետ զրույցում շարադրել են հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանի ընդգծմամբ՝ «նախապայմաններից պետք է հրաժարվի ոչ միայն Հայաստանը, այլեւ Թուրքիան: Վերջինս պետք է հաղթահարի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված իր կոմպլեքսները»: Արզումանյանն ու Հովհաննիսյանը կարծում են նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունները լիարժեք չեն լինի առանց ցեղասպանության ճանաչման: Սակայն դրան պետք է հետամուտ լինել ոչ թե պետական, այլ հասարակական մակարդակով: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը մնում է միակ ֆորմատը, որում հնարավոր է հարցի շուրջ լուրջ միջազգային քննարկումներ եւ աշխատանք իրականացնել, եւ «սա է պատճառը, որ հանձնաժողովի հայ անդամները իրենց հետագա աշխատանքը մեծապես կապում են ցեղասպանության հարցի արծարծման հնարավորության հետ»:

«Հայագիտության այսօրվա անկումային վիճակը կարիք ունի խորը եւ լուրջ վերլուծության». այս ընդգծմամբ է «Ազգ» թերթը ներկայացնում հարցազրույց պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանի հետ: «Ավանդական հայագիտությունը փլուզվեց, իսկ նոր խնդիրներ լուծող մասնագետների պատրաստում չունենք», - ասում է վերջինս։ - «Ասում են՝ Թուրքիան այսօր իբր բացում է օսմանյան արխիվները, բայց մեր ո՞ր մասնագետը պիտի կարողանա այդ փաստաթղթերը կարդալ... Հայագիտության չափանիշերը պետք է վերաձեւենք պատմական Հայաստանի ընդգրկումով եւ զորացնենք ու ամրացնենք մեր այնքան թուլացած ազգային գիտական ու պետական մտածողությունը»։

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հայացքով, երկրում քաղաքական անհանդուրժողականությունը, իսկապես, ահռելի չափեր է ընդունում: Քաղաքական, հատկապես ընտրական պայքարի տեխնոլոգիաները գնալով ավելի են աղտոտվում, միջոցների առջեւ խտրականություն չի դրվում: «56 մեծամասնական տեղ ունենալը նշանակում է նորից մրցակցություն փողի, ավտոմատների միջեւ՝ դրանից բխող ամենատխուր հետեւանքներով», - նշում է նա «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում: Դեպի ընտրություններ «Օրինաց Երկրի» նախագահը նաեւ համոզված է, որ ընդդիմության՝ մեկ միասնական թեկնածուի շուրջ համախմբվելը գործնականում անհնար է. «Կլինեն մի քանի միասնական թեկնածուներ»:

«Գիտեիք, թե միայն մե՞ր ականջներից են քաշելու», - «Առավոտ»-ում խորհրդարանական մեծամասնությանն է դիմում կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը՝ պատգամավորների «ականջը քաշելու» օրինագծին «կողմ» քվեարկած Գեւորգ Հակոբյանի դեմ գործադրված բռնությունների կապակցությամբ: «Եթե մենք թույլ ենք տալիս, որ ականջը բռնած տանեն մեզ ԱԺ-ից՝ փողոցից էլ կբռնեն-կտանեն, ի՛նչ է եղել... Պետք է լինեն մարդիկ, ովքեր կասեն այս իշխանություններին, որ նրանք այլեւս մնալու իրավունք չունեն. դա կործանարար կլինի երկրի համար», - նշում է Խորեն Սարգսյանը՝ հավաստելով, որ սեպտեմբերին նորից գրավելու են Ազգային ժողովի ամբիոնը. - «Ի վերջո, «27»-ի հարցը պիտի քննարկվի, քանի որ՝ քանի գնում է, այս մարդիկ կասկածը դարձնում են համոզմունք՝ որ իրենք են կանգնած դրանց թիկունքում»:

«Շիրակի մարզում խորհրդարանի պատգամավորի վերջին ընտրությունները վեր հանեցին շատ տագնապալի մի երեւույթ», - մատնանշում է այսօր «Օր» թերթի մեկնաբանը: - «Փաստորեն Հակոբ Մաթիլյանը դարձավ ընտրատարածքի բնակիչների 20 տոկոսի ընտյալը: Եվ նորընծա խորհրդարանականը բոլորովին էլ մեղավոր չէր: Ուղղակի մեր հանրապետության քաղաքացիները որերորդ անգամ անթույլատրելի անպատասխանատվություն ցուցաբերեցին»: «Առաջիկա ընտրությունների շեմին հասարակության քաղաքական պասիվությունը պետք է դառնա եւ' իշխանությունների, եւ' քաղաքական կուսակցությունների, եւ' հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում գտնվող խնդիր», - շեշտված է «Օր»-ում: - «Հակառակ դեպքում, թեեւ ժողովրդավարությունը երբեմն անվանում են «մեծամասնության իշխանություն», մենք կկանգնենք «փոքրամասնության իշխանություն» ունենալու վտանգի առջեւ»:


Վաչե Սարգսյան