Մամուլի տեսություն

Վերջին օրերին պետական բյուջեի կատարողականի ցուցանիշների իրար հաջորդող խանդավառ մատուցումները մեր բարձրաստիճանների կողմից «Առավոտ» թերթում առաջ են բերել հետեւյալ արձագանքը. «Խոսք չկա։ Միայն ուրախության արցունքներ եւ խոր ափսոսանք՝ կառավարության հասցեին հնչեցրած մեր ամեն քննադատական խոսքի համար։ Իսկ կառավարությունը կեցցե. անհասանելի բարձունքներ է նվաճում, երբ դրա համար ոչ մի օբյեկտիվ հիմք չկա... Հիմա, կարծես, զբոսաշրջիկներ առանձնապես չեն երեւում, նախագահը մի քանի շաբաթ է՝ ժապավեն չի կտրում, պետեկամուտների նախարարությունը մինչ օրս չի կարողանում հավաքել «սեւ ցուցակում» հայտնված խոշոր հարկատուների պարտքերը։ Սրան գումարած՝ աշխարհի ու մասնավորապես Հայաստանի անկայունությունը։ Նույնիսկ դոլարի կուրսն է ընկնում, բայց մեր տնտեսությունը թքած ունի գլոբալ միտումների վրա եւ, շարժելով ամբողջ կապիտալիստական աշխարհի նախանձը, առաջ է շարժվում»։ «Սա փորձագետների խելքի բանը չէ», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Իսկ մեզ համար, որ նախընտրական շրջանում տնտեսական աճի այնպիսի՜ ցուցանիշների ենք սովոր, բացատրություն գտնելը մեկից մեկ է։ Պետք լինի, տարվա վերջում կհայտնեն, որ բյուջեն գերակատարվել է 200%-ով»։

«Հարկային եւ մաքսային մարմինները ինչ-ինչ ճանապարհով տարվա սկզբին փորձում են ապահովել պետբյուջեի եկամուտները՝ հետո էլ կանգնում (իրենց հետ էլ պետությանը կանգնեցնում) ջարդված տաշտակի առաջ», - թերահավատ է արձագանքում եւ «Օր» թերթի մեկնաբանը, որի հայացքով՝ հարկային փոփոխությունների, պարզեցումների խոստումներն էլ կարծես «ավելի շատ նախընտրական կարգախոսեր են»:

«Ով լավ աշխատում է, ավելի լավ հանգստանում է» կարգախոսի շրջանակում «Իրավունք» թերթը փոխանցում է. - «Մոտ 150-200 մարդ՝ վարչապետի գլխավորությամբ, այդ թվում՝ նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ (նաեւ ընդդիմադիր) անցած weekend-ը անցկացրել են Ստեփանավանի մերձակա Գյուլագարակ գյուղի «Դենդրո-պարկ»-ում: Եղել է ճոխ խնջույք, որը, ինչպես սովորաբար լինում է, ավարտվել է մեծ խաղագումարների հասնող թղթախաղով»:

«Իրավունք»-ի դիտարկմամբ, «այսօր դիմություն եւ ընդդիմություն հասկացությունները դառնում են ավելի ու ավելի պայմանական: Գնալով տարաբաժանումը դառնում է ոչ թե իշխանության ներսում կամ դրսում գտնվելու հատկանիշով, այլ ավելի շուտ արտաքին կողմնորոշմամբ»: «Հայոց Աշխարհ»-ի վերլուծականում էլ շեշտադրված է. - «Իշխանությունների համար գլխավոր սպառնալիք է դառնում ոչ թե ընդդիմության միասնական թեկնածուի՝ այդպես էլ չպարզված խրտվիլակը, այլ Հայաստանի նախընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության եւ նրանց կողմից հովանավորվող աջ-կենտրոնամետ դաշինքի ձեւավորման հեռանկարը: Այդ նոր համախմբումը կարող է իր մեջ ներառել ՀՀՇ-ն ու նրա արբանյակներին, արմատականների այն հատվածին («Հանրապետություն» կուսակցություն, ՀԺԿ), որոնք մինչ այժմ «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման պահանջից բացի, ուրիշ որեւէ քաղաքական խնդիր չեն կարողացել անգամ ձեւակերպել, ինչպես նաեւ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին»:

«Առավոտ» թերթի խմբագիրը այսօր վեր է հանել մեր քաղաքական վերնախավի՝ իր հայացքով 4 հատկանիշները. «Այն այլասերված է (նրա ակտիվությունը խթանվում է փողի եւ վրեժի տենչով) եւ վարկաբեկված է (հասարակությունն այդ խթանիչ գործոնների մասին շատ լավ գիտի): Նրա 90 տոկոսը այսպես թե այնպես բավարարված է: Ներկա պահի առանձնահատկությունն այն է, որ հիմնական գործող անձինք (այդ թվում՝ «անհաշտ ընդդիմադիրները») դասավորել են իրենց կենցաղը, օբյեկտների կամ «գծերի» տեր են դարձել, տեղավորել են իրենց երեխաներին տաքուկ պաշտոններում: Այս կարգավիճակով օբյեկտիվորեն դժվար է ձգտել որեւէ բարեփոխման կամ զարգացման: Վերջապես, քաղաքական էլիտան այսօր սրընթաց կերպով հիմարանում է: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդը Վազգեն Մանուկյանն էր: Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսը, բնականաբար, պետք է որ Բազեյանը լիներ: Ինչպիսի իշխանություն՝ այնպիսի ընդդիմություն», - համեմատում է խմբագիրը:

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը «Օրրան»-ի թղթակցի հետ զրույցում հաստատելով ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրությունը, ավելացրել է, թե իրենք (13 կուսակցությունները) «գաղտնի չեն գործում, սակայն մինչեւ մի շարք հարցերի ճշգրտումը ցանկանում էին իր թեկնածության մասին հրապարակավ չխոսել: Հիմա փորձում են պարզել Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ ԼՂՀ նախագահ ընտրվելու օրենսդրական հնարավորությունը: ՍԻՄ-ի եւ մի քանի այլ կուսակցությունների դիրքից նայելով, ՀՀ քաղաքացին ընտրվել կարող է, բայց Ղարաբաղի քաղաքական էլիտան դեռ պետք է արտահայտվի: Անձամբ Հրանտ Խաչատրյանը իր թեկնածության առաջադրումը անհրաժեշտ է համարում՝ ԼՂՀ-ում «գոնե Հայաստանի մակարդակով օրինականություն հաստատելու» ծրագրային հիմնական դրույթից դրդված»:

«Եթե Խաչատրյանի թեկնածությունը առաջ մղի ընդդիմադիր կուսակցությունների միավորումը, կարելի է խոսել իշխանություններ - ընդդիմություն բախման համապարփակ լինելու մասին», - մատնանշվում է «Օր» թերթում: - «Բացի այդ, սա յուրօրինակ մարտահրավեր է Ղուկասյանին՝ Սամվել Բաբայանի համախոհների կողմից»: «Դժվար թե Խաչատրյանը ընտրվելու մեծ հնարավորություն ունենա, սակայն, օգտագործելով Ղուկասյանի նկատմամբ կուտակված դժգոհությունը Ղարաբաղում, նա կարող է լուրջ քաղաքական հարված հասցնել ԼՂՀ իշխանություններին եւ նրանց միջոցով՝ Ռոբերտ Քոչարյանին», -- ամփոփված է «Օր»-ում:

Անդրադառնալով Բաքվի «Զերկալո» թերթում փարիզյան սկզբունքների «հայկական տարբերակի» հրապարակմանը, «Ազգ» թերթը «Փաստաթղթերի պատերազմ» խորագրի տակ այսօր ընդգծում է, որ նման «բացահայտումները» միտված են Հայաստանի ներքին կյանքի ապակայունացմանը: Ըստ «Օր» թերթի, Հայաստանի նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի վերջին շրջանի ակտիվացումն էլ մի ամբողջական հեռանկարային ծրագրի դրսեւորումներից է, որի դրույթային կետերից մեկը նպատակաուղղված է նախագահական ընտրությունների նախաշեմին ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, էլ ավելի սրել եղած հակասությունները, իսկ լարվածությունը հասցնել կիզակետին»:


Վաչե Սարգսյան