Ընդդիմությունը պատասխանում է նախագահի սպառնալիքներին

Նախագահ Քոչարյանի՝ օրերս արած սպառնալի հայտարարությունը, թե ընդդիմադիր պատգավորների «ականջից բռնելու են» ու հեռացնեն ամբիոնից, այսօր արժանացավ ոչ պակաս սպառնալի պատասխանի, եւ ամենակարեւորը՝ դա արվեց շատ իրական ուժի անունից:

«Երկրապահական շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մի թեզ, ըստ որի, «նա, ով կփորձի բռնել կամ ձգել ընդդիմադիր պատգամավորների ականջից, մենք կկտրենք նրա ականջները»,- այսօր հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի իրադարձությունները, երբ Ազգային ժողովի ղեկավարությունը եւ իշխանամետ խորհրդարանական ուժերը հրաժարվեցին օրականգում ընդգրկել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը, իսկ դա պահանջող պատգամավորները խափանեցին եռօրյայի աշխատանքը, ստիպել են կառավարությունը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ փոփոխություններ առաջարկելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում, որի վրա հիմնվելով էլ ընդդիմադիրները բարձրացրել են Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Ընդդիմադիր ուժերը նույնպես պատրաստվում են աշնանային նստաշրջանին՝ թեեւ լրիվ չեն բացահայտում իրենց զինանոցը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը այսօր կրկին պնդեց, թե Քոչարյանի պաշտոնանկության հարցը արդեն իսկ Ազգային ժողովի օրակարգում է: «Սեպտեմբերին պետք է քննարկվի անպայման Քոչարյանի պաշտոնանկության հարցը», - հայտարարեց նա: - «Անպայման: Եվ քննարկվելու է»:

Նրա խոսքերով, եթե իշխանությունը նորից փորձի, խախտելով օրենքը, այդ հարցը քննարկման առարկա չդարձնել, ապա «ընդդիմությունը հակաքայլեր ունի»: Վերջինները, սակայն, Բազեյանը չբացահայտեց:

Մինչդեռ իշխանությունների քայլերը արդեն հայտնի են: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 6 փոփոխություն առաջարկել ԱԺ կանոնակարգ-օրենքում: Այդ փոփոխությունները պատգամավորներին պատժելու հնարավորություն են տալիս: Ըստ Ալբերտ Բազեյանի, դրանք են՝ պատգամավորի հեռացում նիստերի դահլիճից, 2-3 նիստի մասնակցելու իրավունքից զրկում եւ այլն:

Կառավարությունը առաջարկում է նաեւ նախագահի պաշտոնակության, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցերի գաղտնի քվեարկության կարգը փոփոխել: Այդ հարցերի քվեարկությունը բաց անցկացնել:

«Փորձ են անելու այդ քվեարկությունները դարձնել բաց եւ վերահսկել այդ քվեարկությունների արդյունքները», - ասաց Ալբերտ Բազեյանը:

Ընդդիմությունը համոզված է, որ կառավարության առաջարկած փոփոխությունները չեն անցնի: Ալբերտ Բազեյանի գնահատմամբ, դրանք հակասահմանադրական են, եւ եթե սեպտեմբերին իշխանությունը փորձի առաջնորդվել այդ փոփոխություններով, ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան:

Ընդդիմադիր 13 կուսակցությունները այսօր տարածել են նաեւ մի նոր հայտարարություն, որով կրկին պահանջում են Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի հեռացումը: Եվ երբ, ըստ ընդդիմադիրների, երկրում օրինական իշխանություն հաստատվի, Սահմանադրությունն ու օրենքները խախտած պաշտոնյանները, եւ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն:


Հրաչ Մելքումյան, Երեւան