Մամուլի տեսություն

«Հանրապետություն» էլեկտրոնային շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնի երաժիշտ եւ արվեստագետ Տիգրան Լեւոնյանը, կողմ արտահայտվելով իշխանափոխությանը, բավական կոշտ հայտարարություններ է արել գործող իշխանությունների հասցեին: «Լույսը իշխանափոխության մեջ է», - ասում է նա։ - «Տգիտությունն ահռելի ուժ է։ Տգետը չգիտի եւ չի էլ ուզում իմանալ, որ վնաս է հասցնում։ Կոկորդոլիսը չգիտի, որ իր կերածը մարդ է։ Նրա համար մարդը շարժվող կեր է։ Մեր երկիրը տվել են կոկորդիլոսների ձեռքը»:

Ժամանակի բարքեր ու չափանիշեր բնորոշող մի դրվագ էլ «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է պատգամավորների կյանքից. «Ես չեմ պատրաստվում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին անասնագողության համար դատի տալ, քանի որ անասնագողությունը մեր քաղաքական իրականության մեջ չափազանց տարածված երեւույթ է»: «Ագրոարդյունաբերական ժողովրդական միություն» պատգամավորական խմբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսպես պատկերավոր նկարագրում է այն երեւույթը, որ Բաղդասարյանը իր խմբի երկու պատգամավորի համոզել է դառնալ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ:

Եվս մեկ մտայնություն. «Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով, Հայաստանի ուժային կառույցները ինչ-ինչ գործողություններ էին պատրաստում «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ: «Հայկական ժամանակ»-ում դա հաստատել են՝ նշելով, որ խմբագրությունն ունի դրա ապացույցները եւ պատրաստ է դրանք հրապարակել:

Մամուլում այսօր շեշտադրվում է, որ երեկվա ասուլիսով Արտաշես Գեղամյանը ինքն իրեն առանձնացրեց ու առաջ դրեց որպես ընդդիմության միասնական թեկնածու: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներին մնում է «կամ գնալ նրա հետեւից, կամ էլ մասնատվել եւ հաղթության դափնին սեփական ձեռքերով դնել Քոչարյանի գլխին, քանզի նման քաղաքական զարգացումների դեպքում վարչաֆինանսական ու կլանային բոլոր ռեսուրսները կաշխատեն հօգուտ նրա», - նշում է «Օրրան» թերթի մեկնաբանը: Մինչ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը հայտարարում է, թե Քոչարյանը անգամ երկրորդ փուլ դուրս գալու որեւէ շանս չունի, «Հայոց Աշխարհ» թերթը հիշեցնում է, որ Գեղամյանը նախորդ նախագահական ընտրություններում ընդամենը 0,4 տոկոս էր հավաքել: Գեղամյանի այս ասուլիսի անդրադարձերում առանձնացվում է նաեւ նրա քամահրական ընկալվող գնահատականը Ստեփան Դեմիրճյանին՝ որպես դեռ միայն ապագայում կայանալիք-չկայանալիք քաղաքական գործչի:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) ղեկավար Դեմիրճյանը օրերս Միացյալ Նահանգներում հանդիպում է ունեցել Հայաստանի նախկին վարչապետ, նախապես Մեծ Բրիտանիայում մեր հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանի հետ։ «Հանդիպումը կազմակերպվել է Նյու Յորքի մեծահարուստներից Գեւորգ Հովնանյանի եւ լոնդոնահայ միլիոնատեր Վաչե Մանուկյանի ջանքերով», - հաղորդում է «Ազգ» թերթը՝ ավելացնելով. - «Նյույորքյան հանդիպման գլխավոր թեման եղել է Հայաստանի նախագահական առաջիկա ընտրությունները, դրանցում հաղթելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթումը, ինչի համար, ըստ մեր աղբյուրների հավաստիացումների, երկու մեծահարուստները խոստացել են ոչ միայն սեփական միջոցներից, այլեւ ուրիշներից էլ գումարներ հանգանակել։ Դեռեւս մեզ հայտնի չէ, թե Ստեփան Դեմիրճյան - Արմեն Սարգսյան զույգը, ինչպես նաեւ նրանց մենտորները, ինչպես են պայմանավորվել նախագահ - վարչապետ պաշտոնները կիսելու հարցի շուրջ»։

«Հանրապետություն» կուսակցությունից պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանն էլ «Իրավունք»-ի հարցազրույցում հավաստում է, որ իրենց կուսակցությունն էլ նախագահի իր թեկնածուն ունի: «Ընդդիմությունը անպայման պետք է հանդես գա մեկ միասնական թեկնածուով», - միաժամանակ շեշտել է նա: - «Որքան շուտ որոշվի այդ թեկնածուն, այնքան ավելի մեծ կլինեն հաղթելու շանսերը... Կարծում եմ, մինչեւ օգոստոսի կեսերը այդ հարցը կլուծվի, որովհետեւ ժամանակը չի սպասում»:

«Երկիր» թերթի մատուցումներով, ընդդիմադիրներն ընկղմված են բազում ներքին անհամաձայնությունների մեջ, «հակառակ միասնական նախագահական թեկնածուի եւ ծրագրի ներկայացման խոստման, ամեն մի ուժ փորձում է առանձին ընտրարշավ սկսել՝ չմոռանալով առայժմ ակնարկներով իրար դեմ սլաքներ ուղղել»: «Առաջիկա երկու ամիսներին էլ ընդդիմությունը հանդես չի գա միասնական ծրագրով եւ կգործի ոչ թե «հանուն», այլ «համար» սկզբունքով», - ենթադրում է մեկնաբանը: - «Նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների մեծամասնությունը, սեփական ծրագրերով հանդես գալու փոխարեն, սպասում է, թե մրցակիցները ինչ սխալներ ու սայթաքումներ են թույլ տալու, որպեսզի տիրանա վերջիններիս ընտրազանգվածին»:

Քննական հայացքը ավելի նախագահ Քոչարյանի կողմը ձգած «Իրավունք»-ի մեկնաբանը այսօր ընդգծել է. «Հենց իշխանական համակարգի ներսում են թաքնված պատճառներ, որոնք Ռոբերտ Քոչարյանին տագնապի են մատնում եւ մղում իրավիճակը սրող հայտարարությունների... Ե'վ արտաքին, եւ' ներքին քաղաքական ծանր մարտահրավերների պայմաններում Ռոբերտ Քոչարյանը հավանաբար փորձում է բոլորին ցույց տալ, թե ինքը վճռական է տրամադրված»: Ըստ այս վերլուծականի, գործող իշխանությունը, նախագահը հիմա ունի «եւ' ամերիկամետ, եւ' ռուսամետ բավականին ծանրակշիռ եւ լուրջ փաստացի այլընտրանքներ», մյուս կողմից էլ՝ ոչ ոք կարծես չի շտապում դառնալ նրա լիովին նվիրյալ հենարան, եւ նա արագացում է փորձում խթանել նաեւ այդ ուղղությամբ:


Վաչե Սարգսյան