Խորհրդարանում գործընկերոջը հարվածած պատգամավորի եղբայրը շահութաբեր աշխատանքի է նշանակվել

Շաբաթվա սկզբին նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնել-չմտցնելու շուրջ ծագած խորհրդարանային վեճերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկին հարվածած պատգամավոր Լեւոն Սարգսյանի եղբայրը, ինչպես պաշտոնապես հաստատվեց շաբաթ օրը, նշանակվել է Զեյթունի էլցանցի տնօրեն:

«Հայէլցանց» ընկերության լրատվական բաժնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Լեւոն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը երեքշաբթի օրը նշանակվել է Արաբկիր համայնքում նորաստեղծ Զեյթունի էլցանցի տնօրեն: Արաբկիրի էլցանցը, ըստ լրատվական բաժնի ներկայացուցչի, բաժանվել է երկու մասի, քանի որ տարածքը շատ մեծ էր եւ «իրացման առումով արդյունավետության բարձրացման խնդիր կար»:

Ոլորտին քաջատեղյակ այլ աղբյուրների պնդմամբ, սակայն, նոր միավորը ստեղծվել է հատուկ պատգամավորի եղբորը աշխատանքի նշանակելու համար: Վերջինս նախկինում եղել է «Հայկական ավիաուղիների» փոխտնօրենը, ղեկավարել է հացի գործարաններից մեկը:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Լեւոն Սարգսյանը՝ հարվածելով ընդդիմադիր պատգամավոր Արամայիս Բարսեղյանին, իր երախտագիտությունն է ցուցադրել իշխանություններին՝ եղբորն աշխատանքի նշանակելու համար:

Ընդդիմադիր պատգամավորներին ամբիոնից հեռու պահելու գործում ակտիվ մասնակցություն բերած մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը, իր «նվիրվածության» ցուցադրումով, ըստ Աժ պատգամավորներից մեկի, Գյումրիի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին բարենպաստ հովանավորներ ապահովելու նպատակ էր հետապնդում:


Շաքե Ավոյան, Երեւան