Այս տարի Սեւանից կվերցվի աննախադեպ քիչ քանակությամբ ջուր

Այսօրվա որոշմամբ կառավարությունը Ջրային տնտեսության պետական կոմիտեին թույլատրեց այս տարվա ոռոգման սեզոնում լճից վերցնել 150 միլիոն խորանարդ մետրից ոչ ավելի ջուր: Սա ռեկորդային ցուցանիշ է. ավելի քիչ՝ 158 մլն խորանարդ մետր, Սեւանից վերցվել է այնցյալ տարի, եւ դա ամենացածր ցուցանիշն է վերջին 80 տարվա ընթացքում:

«Պլանավորում ենք եւ համոզված ենք, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ 2002 թվականը էլ ավելի պակաս կլինի, քան ամենապակաս 2001 թվականը», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

Թեեւ, Ապարանի եւ Ազատի ջրամբարներում կուտակված ջրի քանակները թույլ են տալիս տեղավորվել նշված չափաքանակի մեջ, այդուհանդերձ, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, բնությունը կարող է ստիպել լճից ավելի մեծ քանակների ջուր վերցնել: «Իհարկե, հնարավոր է, որ բնությունը իր ուղղումները մեզ պարտադրի: Հաշվի առնելով ինչպիսի առատ անձրեւային գարուն է, հնարավոր է, որ լինեն խիստ շոգ պայմաններ», - ասաց Մարտիրոսյանը: - «Այդ դեպքում կառավարությունը հավելյալ անգամ կհավաքվի եւ կքննարկի, թե ինչպես վարվել իր իրավասության սահմաններում 20 մլն խորանարդ մետրի օգտագործման համար»:

Անցյալ տարեվերջին Ազգային ժողովը ընդունեց «Սեւանա լճի էկոլոգիական համակարգի վերականգման, պահպանման, եւ վերարտադրման միջոցառումների համալիր ծրագրի մասին» օրենքը։ Այդ օրենքով կառավարությանը իրավունք է վերապահված տարվա ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից վերցնել 170 միլիոն խորանարդ մետրից որ ավելի ջուր։

Կարելի է արձանագրել, որ Սեւանա լճի մասին օրենքի ընդունմամբ էապես սահմանափակվել են լճի ջրերի անկանոն ու անվերահսկելի օգտագործման, առավել եւս՝ գիշատչական մսխման փաստերը։ 1992-94 թվականների ցուրտ ու մութ տարիներին երբեմն լճից տարեկան բաց էր թողնվում մինչեւ 1,5 միլիարդ խորանարդ մետր ջուր՝ հիմնականում էներգետիկ նպատակներով։ «Տարի եղավ, երբ Սեւանից վերցվեց 1 միլիարդ 526 միլիոն խոնարդ մետր ջուր, մեկ այլ տարի՝ 1 միլիարդ 50 միլիոն», - ասաց Գագիկ Մարտիրոսյանը, որն այն ժամանակ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի պետն էր:

Այս տարի Սեւանա լիճ լցվող եւ այնտեղից վերցվող ջրի ծավալների դրական տարբերությունը, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, կկազմի 190 միլիոն խորանարդ մետր, ինչի հետեւանքով լճի մակարդակը տարեվերջին, տարեսկզբի համեմատ, կբարձրանա 15-16 սանտիմետրով։

Գագիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, թե չնայած Սեւանից վերցվող ջրի չափաքանակի նվազեցմանը, գյուղացիները ոռոգման ջրի պակաս չեն զգա, իհարկե՝ եթե կանոնավոր կերպով վճարեն ստացած ջրի դիմաց։


Ատոմ Մարգարյան, Երեւան