Կոմկուսից հեռացվածները ստեղծում են նոր կոմկուս

Անցած տարի Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ներսում տեղի ունեցած խմորումների հետեւանքով կուսակցությունից հեռացված անդամները այսօր անցկացրին Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության (ՀՆԿԿ) առաջին համագումարը:

Նոր կուսակցության դրոշի ներքո հավաքված կոմունիստները իրենց են համարում խորհրդային կոմկուսի հետնորդները: Նորաստեղծ կուսակցության ղեկավարների ներկայացմամբ, այն միավորում է 5000-ից ավելի մարդու:

ՀՆԿԿ նպատակներին ու խնդիրներին նվիրված զեկուցումը ԱԺ պատգամավոր, մինչեւ Հայկոմկուսից հեռացվելը՝ ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը ավարտեց եզրակացությամբ, թե նոր կուսակցությունը կայացել է:

Հայկոմկուսից հեռացվելուց հետո Մանուկյանը հայտարարել էր, թե նոր կուսակցություն ստեղծելու մտադրությունը չունի: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, ստեղծվեց ՀՆԿԿ-ն, Յուրի Մանուկյանն ասաց. - «Ինձանից հետո կառույցներ են նրանք լուծարել: Բոլոր իմ ընկերներին, ովքեր, այսպես ասած, հարել են ինձ, բոլորին վտարել են կոմկուսի շարքերից, որոնց դրդմամբ եւ պահանջով էլ գնացել ենք այս քայլին»:

ԱԺ պատգամավոր, խորհրդային տարիների բարձրաստիճան պետական ու կուսակցական գործիչ Հրանտ Ոսկանյանը իր ելույթում ասաց, որ ՀԿԿ-ի գլխավոր սխալն այն էր, որ չկարողացավ պատասխանել ժամանակի հասուցած խնդիրներին եւ հույս հայտնեց, որ դրանց կպատասխանի նորացված կոմկուսը:

ՀԿԿ-ում տարաձայնությունները սկսվել էին, երբ բյուրոյում հարց էր բարձրացվել, թե կուսակցության համամասնական ցուցակներով մի քանի անգամ ընտրված պատգամավորները առաջիկա ընտրություններին պետք է մասնակցեն մեծամասնական ընտրակարգով: Իսկ ցուցակում նոր մարդիկ կընդգրկեն: Հրանտ Ոսկանյանի մեկնաբանությամբ, հենց դա «խուճապի ու պառակտման պատճառ դարձավ»:

Առաջին համագումարին հետեւած պլենումում ՀՆԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ընտրված Յուրի Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կարեւորում է կուսակցության մասնակցությունը գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին եւ ակնկալում է հավաքել 300-400 հազար ձայն: Նախընտրական դաշինքների ՀՆԿԿ-ն չի միանալու, քանի որ, ինչպես ասաց դրա նորընտիր ղեկավարը, ասպարեզում իրենք սոցիալիստական որեւէ ուժ չեն տեսնում:

«Այն անձնավորությունները, որոնք սոցիալիզմի ընդգծված հակառակորդներ էին, այսօր սոցիալիզմ են քարոզում: Ես դրան չեմ հավատում», - ասաց Յուրի Մանուկյանը:

Նախագահական ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի նորացված կոմկուսը կարտահայտի աշնանը:


Շաքե Ավոյան, Երեւան