Մամուլի տեսություն

«Ինչո՞ւ է այսօր հայությունն ընդհանրապես, ներառյալ սփյուռքահայությունը, օտարվել Հայաստանի Հանրապետություն անունը կրող պետությունից», - եւ, «Օր» թերթի մեկնաբանի հայացքով, - «Դրությունը չեն կարող շտկել ո'չ ՀՀ նոր Սահմանադրության եւ այլ օրենդրական ակտերի ընդունումը, ո'չ Հայաստան - սփյուռք խորհրդաժողովները, ո'չ սփյուռքահայությանն ուղղված քարոզչական ակտերը, ո'չ նախագահի պաշտոնանկությունը, ո'չ իսկ պետական համակարգի փոփոխությունը: Վերջին երկուսին մենք ականատես ու մասնակից ենք եղել վերջին տարիներին. Լ. Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռ. Քոչարյանը, իսկ խորհրդային համակարգին՝ անկախ (իրականում՝ շատ կախյալ) հանրապետությունը: Բայց իրականում ի՞նչ փոխվեց: Համարյա՝ ոչինչ: Պարզապես՝ իշխանության (ավելի շուտ՝ պետության) լծակներից օգտվող այլասերվածների մի խմբին փոխարինեց մյուսը», - գնահատում է մեկնաբանը, ի վերջո շեշտադրելով. - «Լուծումը ՀՀ պետական համակարգի էության փոփոխությունն է: Այսինքն՝ որակապես նոր, չորրորդ հանրապետության ծնունդը: Դրա նախապայմանն ամբողջ հայ ժողովրդի ազգային հոգեւոր զարթոնքն է, որն սկսվում է ինքն իրեն հարց տալուց. «Մենք իսկապե՞ս վճռել ենք որպես մարդու հայ տեսակ ապրել ու արարել մեր Հայրենիքից այսօր մեր ձեռքում մնացած այս փոքր տարածքում»»: Հայաստան - սփյուռք այս խորհրդաժողովի ծրագրերն էլ նմանեցվում են դեռեւս չկառուցված ու նույնիսկ չնախագծված շենքի ներքին հարդարման աշխատանքներ անելուն:

«Հաղթանակ, կայունություն, առաջընթաց», «Կառուցենք եւ պաշտպանենք», «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», եւ վերջ. նպատակ ձեւակերպող կարգախոսեր այս տարիներին չունեցանք, ու մանավանդ՝ ընդդիմության կողմից», - մատնանշում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Խոսքը բուկլետների տիտղոսաթերթերում գրվող բառակապակցության մասին չէ, այլ՝ իրոք նախընտրական կարգախոսի... Հիմա էլ իրական կարգախոս ունենալու համար արդեն այսօր անհրաժեշտ էր հստակեցում՝ քաղաքական հիմնական հարցերի, երկրի զարգացման հիմնական տարբերակների, պրոբլեմների առաջնահերթությունների շուրջ... Այս պահին նախագահության հիմնական թեկնածուները պարտավոր էին արդեն հազար անգամ ներկայացրած լինել հիմնական՝ ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ռուսական հարաբերություններ, արտագաղթ եւ այլն, հարցերի վերաբերյալ իրենց մշակած տեսակետը: Աստվածաշնչի հիստերիկ ընթերցումները կամ տակտիկական նկատառումներով վարկաբեկվելը հեռու են ծրագիր, առավել եւս՝ կարգախոս լինելուց»: «2003-ի ընտրությունների մթնոլորտը այլ է լինելու՝ նախադեպը չունեցող, եւ համեմատությունները 1996 ու 1998-ի հետ սխալ են», - առանձնացնում է մեկնաբանը: - «Այս ընտրություններում ընտրությունը ավելի արմատական է լինելու նաեւ մեզանից անկախ պատճառներով: Ուրիշների վերաբերմունքը մեր հանդեպ կախված է լինելու այս ընտրություններից: Խոսքը ոչ թե լեգիտիմության, այլ ընտրված, պաշտպանված արժեքների մասին է: Չկա ոչ մի կասկած, որ Քոչարյանը ընտրությունների գնալու է իր եւ հանրության համար նոր, բավական լավ մշակված կարգախոսերով ու դա աշխատելու է իր օգտին: Այս պայմաններում ընդդիմությունից պահանջվելու է առավելագույն հստակություններ բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ... Սակայն միասնական թեկնածուի «ստրատեգիական բազարը» հնարավորություն չի ստեղծում եւ չի ստեղծելու տեսակետներ ձեւակերպել, զարգացման ուղղություններ եւ լուծումներ առաջարկել. մշակել այն, ինչը ընտրություններից առաջ կոչվում է կարգախոս: Առանց դրա միասնական թեկնածուն կամ թեկնածուները պարտվելու են: Ու նաեւ՝ անկախ քվեարկության արդյունքներից»:

«Հայաստանում համառորեն անտեսում են իրական վտանգները եւ առաջին պլան մղում արհեստական վախեր», - մեկ այլ թերույթի է ուշադրություն սեւեռում «Օրրան» թերթը. - «Քոչարյանն, օրինակ, իր հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներին պատասխանելու փոխարեն հայտարարում է, թե իրեն մեղադրողները ջուր են լցնում նախկին իշխանությունների ջրաղացին: Եվ ամենասարսափելին այն է, որ հասարակության մի զգալի մասի համար սա շատ սպառիչ պատասխան է... Իշխանամետ քարոզչամեքենայի «հիմնական գաղափարային ուղղվածությունն» էլ այն է, թե ընդդիմության հաղթանակը նշանակում է նախկինների վերադարձ»: «Առաջիկա նախընտրական պայքարում քաղաքական ուժերը պիտի մրցակցեն հատկապես այն հարցի շուրջ, թե ո՞վ լավագույնս կպայքարի իրական վտանգների դեմ: Մանավարդ որ քաղաքական պայքարը ա'յս հարթություն տեղափոխելու դեպքում Քոչարյանն ու իր թիմակիցները ոչ մի շանս չունեն», - իր հերթին ընդդիմությանն էլ սթափ որոշակիանալու խնդիր է դնում «Օրրան»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր վերատպել է Ալվարդ Պետրոսյանի՝ 1996 թվականին գրած մի հոդված՝ հիմնավորելով. «Բարձրացված հարցերը անցած տարիների ընթացքում ոչ միայն չեն կորցրել իրենց հրատապությունն ու այժմեականությունը, այլեւ ավելի ու ավելի մեծ խոչընդոտ են դարձել հասարակության, հասարակական հարաբերությունների դիմամիկ զարգացման ճանապարհին»: «Փոքրիկ, տգիտության ու գիտության սարդոստայնի մեջ խճճված խեղճ մարդու՝ փոքր երկրի խեղճ քաղաքացու թաքուն, խնամքով պահված սարսափներից են դուրս պրծնում այս հարցերը», - բնորոշել է Ալվարդ Պետրոսյանը մեր կյանքի ընթացքից բխող մտահոգությունների իր հավաքույթը: Համընդհանուր համազգային հոգեվիճակ է այստեղ դիտվում բեւեռացումը: Մինչդեռ հաղթելն էլ որոշակի հոգեվիճակ է պահանջում. «Հաղթելը մտահղացում է եւ իրագործում, ստեղծագործություն է: Որտե՞ղ է մտահղացվելու այսօր այդ ստեղծագործությունը: Այս երկրի ո՞ր բեւեռների, ո՞ր տեսակ նոր հայերի չորս պատերի ներսում: Ո՞ւր են այդ չորս պատերը»:

Պատգամավոր դառնալու մրցակցությունում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի պարտությունը մաքսային մի նախկին գործչի «Առավոտ» թերթում իմաստավորված է որպես միանգամայն ուսանելի դաս այն առումով, որ մտավորական կարկառունների խոսքը չի անցնում: Տվյալ դեպքում Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի քարոզչությունը հաղթական չբերեց: Սա էլ որոշակի հետեւությունների է մղում մտավորականություն - ժողովուրդ հարաբերությունների ընկալումների դաշտում:


Վաչե Սարգսյան