2003 թվականից շրջանառության մեջ կդրվեն նոր մետաղադրամներ

Կենտոնական բանկի խորհրդի որոշմամբ, մյուս տարվանից, հավելումն 10 դրամանոց մեղատադրամի, շրջանառության մեջ կմտնեն 20, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ: Դրանք շրջանառության մեջ կդրվեն զուգահեռ դրամափոխության կարգով:

Արդեն պայմանագիր է կնքվել Լեհաստանի պետական դրամահատարանի հետ, որը 1994 թվականին նաեւ մեր տխրահռչակ ալյումինե լումաներն էր հատել: Դրանց որակը վատն էր եւ բարոյապես էլ այնքան արագ ծերացան, որ չհասցրեցին մեկ օր անգամ շրջանառել: Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանի հավաստմամբ, նոր մետաղադրամները լավ որակ են ունենալու եւ կօգտագործվեն 20 տարուց ավելի:

«Եթե մինչ այդ դրանք բարոյապես չմաշվեն՝ սղաճի պատճառով, դրանք մինչեւ 30 տարի կարող են շրջանառվել, որովհետեւ մետաղը ալյումին չէ, այլ՝ ավելի բարձր որակի մետաղներից են պատրաստվել», - ասաց Թումանյանը: - «Օրինակ, 20 դրամանոցը կլինի պղնձից, 50 դրամանոցը բրոնզի ձուլվածքից, 100-ը՝ նիկել եւ այլն: Ե'վ գույնով կտարբերվեն, եւ' չափսերով»:

Ինչո՞ւ են մեր թղթադրամները այդքան արագ են մաշվում եւ անհրաժեշտություն է ծագում արդեն 3-րդ անգամ նորից թարմացնել 500 դրամանոցը: Ըստ Գեւորգ Թումանյանի, դա միայն թղթադարմի որակի հետ չի կարելի կապել, թեեւ դա էլ խնդիր է:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանկային համակարգով շրջանառվում են հիմնականում բարձր անվանական արժեքի թղթադրամները», - պարզաբանեց նա, ավելացնելով, որ մանր թղթադրամները՝ ձեռքից ձեռք անցնելով շրջանցում են բանկային համակարգը, որտեղ մաշվածները պետք է զտվեին: Իսկ մետաղադրամները, բնականաբար, զտվելու կարիք չունեն:

Նոր մետաղադրամների թողարկումը կնպաստի, որ մեր երկրում զարգանան մանրածախ առեւտրի ավտոմատ սպասարկման կետերը:

500 դրամանոց մետաղադրամի ինքնարժեքը հրապարակման ենթակա չէ՝ որպես կոմերցիոն գաղտնիք, իսկ տպաքանակն արդեն պետական գաղտնիք է: Դրամական զանգվածը նոր մետաղադրամների թողարկմամբ չի մեծանալու, այն զուտ փոխարինման նպատակ ունի:

Թղթադրամների նոր խմբաքանակներ նշված անվանական արժեքներով այլեւս չեն թողարկվելու: Մոտ ապագայում թողարկվելու է, սակայն 10 հազարանոց նոր անվանական արժեքով թղթադրամ:

Պարոն Թումանյանը տեղեկացրեց, որ այս տարի կթողարկվեն նաեւ հուշադրամների նոր նմուշներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի 1600 ամյակին, Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին եւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակին:


Շաքե Ավոյան, Երեւան