Խորհրդարանն ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքը

Ազգային Ժողովը այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքը: Եվ մինչ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը մայիսի 25֊-ին ժամանի Հայաստան՝ սկսելու Հայաստանի կառավարության եւ իր ընկերության միջեւ դեկտեմբերին կնքած պայմանագրով՝ Երեւանի «Զվարթնոց» օդակայանի հավատարմագրային կառավարման աշխատանքը, չի բացառվում, որ օրենքն արդեն ուժի մեջ լինի:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր ընդունեց նաեւ օրենսդրական փաթեթը, որը նույն պայմանագրի կատարման հետ կապված իրավական երաշխիքներն է փորձում ամրագրել՝ հիմնականում Էդուարդո Էռնեկյանի կողմի համար:

Նշված, ինչպես նաեւ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամին գործունեության արտոնություններ ընձեռող փաթեթն ամբողջովին ընդունելու այսօրվա քվեարկությունները վկայում են, որ խորհրդարանական ընդդիմությունն այս բոլոր քվեարկություններին չի մասնակցել. հարցերն ընդունվել են առանց «դեմ» կամ «ձեռնպահ» ձայների:

«Զվարթնոց» օդակայանի հավատարմագրային կառավարմանն առնչվող փաթեթի չորս օրինագծերից նոր օրենքի նախագիծը օդակայանի տարածքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին է, որով, օդակայանին կից ստեղծվում է ազատ տնտեսական գոտի՝ կառավարության սահմանած պարամետրերով՝ 1 քառ կմ տարածքով: «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ, ազատ տնտեսական գոտու կազմակերպիչները շահութահարկ չեն վճարում: Մաքսային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները բխում են ազատ տնտեսական գոտու, ինչպես նաեւ անմաքս առեւտրի խանութների՝ «Դյութի ֆրի»-ների գործունեությունից:
Շահումով խաղերի եւ խաղատների գործունեությունը, ըստ գործող օրենքի, կարելի է կազմակերպել Երեւանի վարչական սահմաններից ուղիղ գծով առնվազն 50 կմ, իսկ մարզկենտրոններից՝ առնվազն 10 կմ հեռավորության վրա: Չնայած օրենքի այս դրույթը գործելու է 2003֊ի հունվարից, արդեն իսկ առաջարկվում է թվերը փոխել. Երեւանից՝ 10 կմ, իսկ մարզկենտրոններից՝ 3 կմ:

Ազատ տնտեսական գոտուն վերաբերող միակ թեականությունը հնչեց Արշակ Սադոյանի հարցի մեջ. «Գյուղատնտեսական հողերը, խաղողի այգիները նման գոտիով փոխարինելը մեր պետության համար ձեռնտո՞ւ, թե՞ վնասակար է լինելու»:

Առաջարկվող նախագծով ազատ տնտեսական գոտու ներսում գործունեությունն ազատվում է մաքսատուրքերից, իսկ հարկատեսակներից՝ միայն շահութահարկից: «Պնդել ենք ու էլի կպնդենք, որ այդ առումով ազատ տնտեսական գոտի պետք է դառնա ամբողջ Հայաստանի տարածքը: Այսինքն՝ շահութահարկը պետք է վերանա», - գործարաների անունից ասաց «Եվրոստան Ույուտ» ընկերության նախագահ, պատգամավոր Մանվել Բադեյանը:

Քննարկման հիմնական նյութը դարձավ շահումով խաղերի եւ խաղատների գործունեությանը վերաբերող օրենքում առաջարկվող փոփոխությունը: Նույնիսկ փաթեթի տրամաբանությանը կողմ Դաշնակցություն խմբակցության անդամները կասկած հայտնեցին, թե դրանց տեղավորման վայրի, այսպես ասած թույլատրելի կիլոմետրաժները՝ բոլոր խաղատների համար փոխելով, «ձեռքի հետ» անդրկուլիսային խաղ է տարվում:

«Եթե խաղատների դաշտը լիներ նորմալ կարգավորված՝ այսքան մեծ ստվերայնություն չլիներ, այսքան մեծ հովանավորչություն չլիներ այս ասպարեզում, կարելի էր խոսել», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: - «Բայց, ակնհայտորեն, այստեղ կարգավորելու լուրջ խնդիր կա, եւ «ձեռքի հետ» սա չի կարելի անել»:

«էս ինչու՞ եք գցում Էռնեկյանի վրա խաղատների խնդիրը», - հարցն ավելի սրեց կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւորսյանը: - «Պարզ երեւում է, որ 2003 թվականի հունվարի 1-ից խաղատները դուրս գալու որոշման հետ կապված լոբբինգ է գնացել, որ այս խնդիրը միանգամից, մեկ հարվածով լուծվի»:

Տիգրան Թորոսյանը վստահեցրեց, թե Ազգային Ժողովը հավատարիմ է մնալու իր ընդունած օրենքի սկզբունքին՝ խաղատները դուրս հանել երկրի քաղաքներից: Իսկ կիլոմետրաժի եւ այլ հարցերը, նրա խոսքերով, «քննարկելի են»:

«Նման ճանապարհով կեղծ քվեարկություններով ընդունվածը հետագայում որեւիցե իրավահաջորդականություն չի կարող ունենալ», - ավիացիայի հետ կապ ունեցող օրինագծերի քվեարկությունից հետո մի շարք քաղաքական կուսակցությունների եւ իրեն հետագա պատասխանտվությունից ապահովագրեց Արշակ Սադոյանը:

Իսկ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունն ընդհանրապես բոյկոտեց արտահերթ նստաշրջանը, որը խմբակցության հայտարարության մեջ բնորոշված է որպես «հայրենիքի ինքնիշխանության մի մասն օտարելու նպատակով հավաքված նստաշրջան»: Այս առիթով հրավիրած ասուլիսում ՍԻՄ֊ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, թերեւս ամեն դեպքում համոզված, որ նախագահ Քոչարյանն անպայման ստորագրելու է օրենքը, ասաց՝ նամակ են հղելու երկրի նախագահին՝ կոչ անելով չստորագրել «Ավիացիայի մասին» օրենքը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան