Առաջին անգամ պաշտոնապես նշվեց Երկրապահի օրը

Երեւանի Կինոյի տան լեփ֊լեցուն դահլիճում՝ առաջին անգամ պետականորեն նշվող Երկրապահի օրվա հանդիսավոր նիստին քաղաքական ելույթներ գրեթե չեղան, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չէին ակնարկներից:

«Երկրապահի մենախոսություն» անվանումով իր ելույթում Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության անդամ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբի ղեկավար, անկուսակցական Մյասնիկ Մալխասյանը որպես բարեկամի դիմեց թե' ընդդիմությանը, թե' իշխանությանը:

«Ես պաշտպանում եմ այս պետությունը, որ այդքան հարդուրժող է քո հանդեպ», - դիմելով ընդդիմությանը, ասաց Մալխասյանը: - «Վաղը եթե խոհեմություն ու քաջություն ունենաս արժանանալու այս երկիրը ղեկավարելու պատվին, ես եմ քեզ պարզճակատ անելու»:

ԵԿՄ ղեկավար անդամներն այսօր ջանք չէին խնայում ապացուցելու, որ ԵԿՄ֊ն՝ հասարակական կազմակերպության իր կարգավիճակին հավատարիմ, վերքաղաքական, միասնական կառույց է:

Մինչեւ անցյալ տարի ԵԿՄ քաղաքականացված անդամների կուսակցությունը, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի որոշմամբ, Հանրապետական կուսակցությունն էր: «Հանրապետություն» կուսակցությan ստեղծուmiց հետո շատ երկրապահներ սկսեցին անդամակցել այս կուսակցությանը: Երկու կուսակցություններում ճշգրիտ տվյալներ չունեն, թե իրենց շարքերում ԵԿՄ քանի անդամ կա: Ավելի էական է, սակայն, այն, որ Հանրապետական եւ «Հանրապետություն» կուսակցություններից առաջինը իշխանություն է, երկրորդը՝ ընդդիմություն:

«Որեւէ քաղաքական տարաձայնություն երբեւէ չի կարող հիմք դառնալ միության պառակտման համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԵԿՄ փոխնախագահ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբի քարտուղար Արա Կետիկյանը: - «Հակառակը՝ միավորող է: Միության վարչության նիստերի ընթացքում հակառակ ճամբարներում գտնվող վարչության անդամները լծվում են միեւնույն աշխատանքին, դա նպաստում է որպեսզի մոտեցումները բավականին մեղմվեն»:

«Հանրապետություն» կուսակցության մեկ այլ ղեկավար անդամ, ԵԿՄ անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս առիթով բավական անսպասելի կանխատեսում արեց. «Ես թշնամություն չեմ տեսնում Հանրապետական կուսակցության մեջ: Ես հպարտ եմ, որ Հանրապետական կուսակցությունը ինքն էլ է հայտարարում, որ Վազգեն Սարգսյանի գիծն է շարունակում... Դա ինձ հուսադրում է, որ, երեւի թե, պայքարի ինչ-որ պահի հնարավոր է, որ մենք միանանք էլ»:

ԵԿՄ նախագահ, պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր ելույթում կոչ արեց միասին լինել, որ կարողանան շտկել թերությունները:

Այսօրվա հանդիսավոր նիստին ներկա էին նաեւ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը շնորհավորական ելույթ ունեցավ: Շնորհավորական ուղերձ էր հղել վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մեդալներ շնորհվեցին կազմակերպության տասնյակ անդամների, այդ թվում՝ հետմահու: ԵԿՄ֊ի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի արժանացան կազմակերպության բազմաթիվ ղեկավար անդամներ: «Սպարապետ Վազգեն Սարգսյան» առաջին շքանշանը հետմահու շնորհվեց Վազգեն Սարգսյանին:


Ռուզան Խաչատրյան, Երեւան