Առատ տեղումներն ու կարկտահարությունը մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը

Վերջին երկու ամիսների ընթացքում տեղումների եւ կարկտահարության՝ գյուղատնտեսությանը հասցրած վնասի չափը ճշգրտելու նպատակով Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյուղնախարարության մամուլի պատասխանատու Վահագն Մարտիրոսյանը, նախնական հաշվարկներով, հասցված վնասն այնքան մեծ է, որ նախարարությունում ձեռնպահ են մնում հրապարակել ակնկալվող բերքի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի տարեկան եզրակացությունը:

Այդ հանձնաժողովի անդամներից մեկի խոսերով, հատկապես տուժել են Արարատյան դաշտավայրը՝ Արարատ, Արմավիր, Արագածոտնի նախալեռնային շրջանները, Գեղարքունիքի, մասամբ նաեւ Տավուշի մարզերը:

«Ապրիլ ամսին տեղումները դիտվել են 1,5 - 2 անգամ ավելի, քան սովորաբար դիտվում է: Իսկ ջերմաստիճանները եղել են ցածր, առանձին օրերին՝ նորմայից 5-7 աստիճանով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հիդրոօդերեւութաբանական վարչության ներկայացուցիչ Ալբերտ Թորոսյանը:

Ըստ Գեղարքունիքի մարզպետի կազմած տեղեկանքի, ապրիլի 25-ին ձյան եւ ջերմաստիճանի անկման պատճառով ցրտահարվել է մարզի աշնանացան ցորենի ու գարու ցանքատարածությունների մեծ մասը:

Մասնագետների պնդմամբ, սակայն, հիմնական վնասը հասցվել է պտղատու այգիներին: Արարատի մարզում ոչնչացել է ծիրանի բերքի 70-80 տոկոսը: Մեծապես տուժել են նաեւ խաղողի այգիները: Վնասի չափը Արարատում անցնում է 1 միլիարդ դրամից:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, մայիս ամսին տեղումները կպակասեն, սակայն ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի:


Անուշ Դաշտենց, Երեւան