Վիճակագրական առումով «չհաշվառման դաշտը» կազմում է 30-40 տոկոս

Ըստ Վիճակագրության ազգային ծառայության պետ Ստեփան Մնացականյանի, ստվերային դաշտը Հայաստանում վիճակագրական տեսանկյունից կազմում է 30-40 տոկոս:

Տարբեր ոլորտներ, ըստ Մնացականյանի, տարբեր մոտեցում ունեն ստվերային հաշվարկների նկատմամբ, ուստի գնահատականները խիստ տարբերվում են: Որպես օրինակ նա ներկայացրեց պետեկամուտների նախարարության գնահատականը միայն մանրածախ առեւտրի վերաբերյալ՝ 80 % ստվերայնություն: Կենտրոնական բանկը ընդհանուր տնտեսությանը տվել է ստվերի 60-70 տոկոս գնահատականը, որը Մնացականյանը «ծայրահեղ» որակեց:

«Վիճակագրական տեսանկյունով, այսինքն՝ երկրում նոր ստեղծված արժեքի հաշվառման տեսանկյունով, չհաշվառման դաշտը տատանվում է միջին հաշվով 30-40 տոկոս վերջին տարիների ընթացքում», - ասաց Մնացականյանը:

Ստվերը, ըստ նրա, ընդհանրապես տարբեր դեմքեր ունի, եւ հարցը միայն եկամուտը թաքցնելը չէ: Կան, այդուհանդերձ, տվյալներ, որոնք խոսում են իրական ստվերի մասին. համադրվում են արտադրության, ներմուծման եւ իրական սպառման տվյալները: Առաջին երկու գործոնները պաշտոնապես հաշվառվում են, իսկ սպառումը՝ ըստ տնային տնտեսությունների հետազոտման: Այսպես, 2001 թվականին մեր երկրում արտադրվել է 53 հազար զույգ կոշիկ, որից 29 հազարը արտահանվել է: Ներմուծվել է 616 հազար զույգ, բայց բնակչության կողմից սպառվել է 2 մլն 265 հազար զույգից ավելի: Վիճակագրությունն արդեն չի կարող պատասպանել, թե որտեղ են դրանք արտադրվել կամ ինչպես են ներմուծվել:

Նույնը նաեւ սննդամթերքի դեպքում է, երբ արտադրված եւ ներմուծված պանրի ու երշիկեղենի, ձկնեղենի ցուցանիշները 10-20 անգամ ավելի են, քան սպառման ցուցանիշները: Միայն 5 ապրանքատեսակների գծով չհաշվառված, ստվերային տնտեսության ծավալը գնահատվել է 32 մլրդ դրամ:

«Սրանք քիչ թե շատ ավելի արժանահավատ են: Չնայած այստեղ էլ պետք է գիտակցել, որ սա բացարձակ ճշմարտությունը չէ, որովհետեւ տնային տնտեսություններում եւս խնդիր կա», - ավելացրեց Մնացականյանը, նկատի ունենալով, որ տնային տնտեսություններն էլ՝ վարակված ընդհանուր գաղտնիության մթնոլորտով, հաճախ թաքցնում են, թե իրականում որքան պանիր ու երշիկ են սպառել:


Շաքե Ավոյան, Երեւան