Հայ կոմունիստները երթով նշեցին Աշխատանքի տոնը




Տասը հազարից ավելի մեծահասակներ, երիտասարդներ ու երեխաներ՝ հիմնականում երկրի մարզերից, նախկին շրջանների անունները կրող պաստառներով ու սոցիալիստական, կոմունիստական կարգախոսներով, բացառապես Խորհրդային Միության ու Խորհրդային Հայաստանի դրոշներով, Երեւանի Բաղրամյան-֊Օրբելի խաչմերուկից երթով հասան Հանրապետության հրապարակ, ուր տեղի ունեցավ հանրահավաք:

Հանրահավաքով ավարտված այդ երթը, որը կազմակերպել էր Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ), առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես նշվող Աշխատանքի տոնի կապակցությամբ անցկացված միակ միջոցառումն էր:

Հանրապետության հրապարակում ՀՀԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանն իր ելույթում կոչ արեց վստահության քվե տալ կոմունիստներին, որոնք իրենց հեղափոխական նախնիների օրինակով պայքարում են՝ վերստին հաստատելու սոցիալիստական հասարակարգը: Կոմունիստների նախկին սխալները Դարբինյանը բացատրեց ժողովրդի վիճակը բարելավելու շտապողականությամբ:

«Այլեւս չեն կրկնվի այդ սխալները», - վստահեցրեց հայ կոմունիստների ղեկավարը: - «Հիմա հայկոմկուսը հանդես է գալիս ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ»:

Մինչ այդ՝ երթի ընթացքում, նախագահի նստավայրից սկսած՝ ԿՀՀ Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը բարձրախոսով ցուցումներ էր տալիս, թե որ պահին որ բացականչությունն է հարմար: «Ամոթ» եւ «հեռացեք» բացականչությունների արժանացան Ազգային ժողովը, Միացյալ Նահանգների դեսպանատունը: «Կեցցե»-ների՝ Չինաստանի դեսպանատունը:

«Կուզենային ասել՝ փառք Հայաստանի աշխատավորությանը: Ցավոք սրտի՝ չկա», - ասաց Սանատրուկ Սահակյանը, - «որովհետեւ աշխատանք չկա»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան