Ընդդիմությունը հետաձգում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քվեարկությունը

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունից անմիջապես առաջ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը օգտվեց 20 րոպե ընդմիջում խնդրելու իրավունքից, ինչը նշանակում է, որ այս եռօրյայում որեւէ քվեարկություն այլեւս չի լինի:

Օրինագծի հեղինակները մինչ այդ հասցրին հայտարարել, որ նախագիծը քվեարկության են դնում ոչ թե առանց 23 հոդվածի, այլ՝ դրանով հանդերձ, միայն թե, ամրագրվում է, որ ընտրական հանձնաժողովներում երկրի նախագահը երեքական անդամ նշանակելու իրավունք ունի: Նախնական տարբերակում նախագահը նշանակում էր այնքան անդամի, որը մեկով պակաս է Ազգային Ժողովի խմբակցությունների նշանակած մեկական անդամների ընդհանուր թվից (խորհրդարանի այս կազմի դեպքում, օրինակ՝ 5):

Օրինագծի հիմնական զեկուցող Վարդան Բոստանջյանը երեկ առաջարկել էր հարցը քվեարկել առանց 23֊-րդ հոդվածի, ինչն անակնկալի էր բերել իր կուսակիցներին: Այսօր Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր հայտարարությունը որեւէ պայմանավորվածության արդյունք չէր, այլ՝ իր անձնական կարծիքը:

Խորհրդարանն այսօր չհասցրեց առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկել նաեւ օդագնացության ոլորտին առնչվող երկու այլընտրանքային օրինագծերը՝ ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) պատգամավորների «Օդային օրենսգրքի» նախագիծը եւ կառավարության ներկայացրած՝ «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծը:

Կողմերը միմյանց փոխադարձաբար ապարդյուն կոչեր արեցին հետ վերցնել իրենց հեղինակած նախագծերը: Պատգամավորական օրինագծի հիմնական զեկուցող Հայկ Բաբուխանյանն այսպես բնորոշեց երկու օրինագծերը. «Մեկը օրենք է ավիացիայի մասին, օրենք է օդային իրավական հարաբերությունների մասին, օդային տարածքի մասին, մյուսը օրենք է Էռնեկյանի եւ մեր կառավարության միջեւ պայմանագիրը պաշտպանելու մասին»:

Կառավարության օրինագիծը միջազգային նորմերի սահմաններում փորձում է կարգավորել ոլորտի կառավարումը, վերահսկողությունը, սպասարկումը՝ օդանավի գրանցումից մինչեւ շահագործում, անձնակազմի եւ ուղեւորների իրավունքներն ու պարտականությունները եւ այլն:

Ըստ կառավարության օրինագծի, բացառությամբ ռազմական ավիացիայի, հանրապետության օդային տրանսպորտի ոլորտի լիազորված մարմինը Քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիան է՝ կառավարությանն առընթեր հանրապետական մարմին, որի պետին նշանակում եւ ազատում է վարչապետը: Այս մարմնին թույլատրվում է ունենալ նաեւ արտաբյուջետային հաշիվ, բայց «Զվարթնոց» օդակայանի կոնցեսիոներից այս մարմնի ֆինանսավորումն ապահովելու համար հարկեր, տուրքեր, այլ վճարումներ չեն կարող գանձվել:

Կոնցեսիոները պայմանագրով այս օդակայանի շահագործողն է՝ արգետինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Աէրոպուերտոս֊Արգենտինա» ընկերությունը, եւ անցած տարի կնքված այդ պամանագիրը վկայակոչող մի շարք դրույթներ օրինագծում կան:


Ռուզան Խաչատրյան, Երեւան