Հայաստանցիներն արդեն կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, այսօրվանից հայաստանցիները հնարավորություն ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայ պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը եվրոպական այդ կազմակերպության ղեկավարությանը հանձնեց Հայաստանի Ազգային ժողովի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին, ինչը նշանակում է, որ այդ պահից Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է դիմում ներկայացնել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տարբեր երկրներից ստացված դիմումներն այդ դատարանում քննվում են միայն այն դեպքում, եթե հայցվորը սպառել է հարցի լուծման բոլոր իրավական հնարավորություններն իր երկրում:

Հովհաննես Հովհաննիսյանը, որը մասնակցում էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այսօր ավարտված գարնանային նստաշրջանին, հայտնեց նաեւ, որ, ըստ ձեռք բերված համաձայնության, Ղարաբաղի ներկայացուցիչները կարող են Ստրասբուրգում մասնակցել Ղարաբաղին վերաբերող ցանկացած հարցի քննարկմանը:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաեւ նշեց, որ Եվրախորհրդի ղեկավարությունը դեմ չէ, որպեսզի Ղարաբաղը դիտորդի կարգավիճակով ներկայացուցիչ ունենա Եվրախորհրդում, բայց ֆինանսավորումը պետք է իրականացնի Ղարաբաղը:


Արմեն Դուլյան, Պրահա-Ստրասբուրգ