Ամերիկահայերը տարբեր կերպ են մեկնաբանում Բուշի ուղերձը

Միացյալ Նահանգների երկու հիմնական հայկական լոբբիստական խմբերը տարբեր հայտարարություններ են տարածել ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ Սպիտակ Տանը ունեցած ելույթի կապակցությամբ: Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառը օգտագործելուց: Բուշը Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կոտորածը բնութագրել է որպես «20-րդ դարի սոսկալի ողբերգություն»:

Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ նշվում է, թե ԱՀՀ-ն «հիասթափված է», որ Բուշը զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» չի անվանել, սակայն գտնում է, որ նա «ակնհայտորեն մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա», որ վերջինս դիմի այդ քայլին: Հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտված Երեւանի հետ հարաբերությունների կարգավորելու՝ Անկարային ուղղված կոչի կապակցությամբ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, մինչդեռ, մեղադրում է Բուշին իր տված խոստումը խախտելու համար:

«Նախագահը իր այս երկրորդ՝ ապրիլի 24-ի ելույթում դարձյալ խախտեց իր հրապարակավ տրված խոստումը՝ պատշաճ կերպով ճանաչելու Հայոց ցեղասպանությունը», - հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ամերիկահայ համայնքին ուղղված այս ուղերձում Բուշը մասնավորապես ասել է. - «Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի սոսկալի ողբերգությունը՝ տեղահանման ու սպանությունների միջոցով իրականացված 1,5 միլիոն հայերի կոտորածը Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում»:

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ ասվում է, որ Բուշի ներկա ուղերձը, այնուամենայնիվ մեկ քայլ առաջ է հայերի համար:

«Նախագահ Բուշը ակնհայտորեն մերժել է ցեղասպանությունը ժխտելու եւ անցած դարասկզբին հայերի ու թուրքերի կրած տառապանքները հավասարեցնելու Թուրքիայի ջանքերը», -հայտարարության մեջ ասել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Պ. Վոսպիկյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, սակայն, մնում է «խորապես տագնապած»:

«Այսօր մենք դարձյալ ականատես եղանք վարչակազմի քաղաքականության շարունակական մասնակցությանը թուրքական կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը հերքելուն», - չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: - «Թեեւ մենք գնահատում ենք այն փաստը, որ նախագահը չզլացավ առաջարկել իր մեկնաբանությունները՝ այս առանձնահատուկ առիթով, աջակցություն է ցուցաբերում Հայաստանի անվտանգությանն ու անկախությանը եւ հետաքրքրվում է տարածաշրջանային հիմնախնդրի լուծմամբ, այնուամենայնիվ, մենք, որպես համայնք եւ որպես ժողովուրդ, մնում ենք խորապես տագնապած նրա՝ Հայոց Ցեղասպանության մասին անկեղծորեն եւ հրապարակավ խոսելու ձախողումից»:


Էմիլ Դանիելյան, Երեւան