Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Կրասնոդարի երկրամաս

Հաջորդ շաբաթասկզբին Հայաստանի պատվիրակությունը՝ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, կմեկնի Կրասնոդար: Հիմնականում խորհրդարանի պատգամավորներից կազմված պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները:

Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպումից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը ասաց, թե դեռեւս Ռուսաստանի Պետդումայից հաստատումը չկա, թե արդյո՞ք այցը համատեղ կլինի:

Դեսպանը հիշեցրեց պետդումայականների այս առիթով կոչը Կրասնոդարի վարչակազմին՝ գործել միմիայն դաշնային օրենքների շրջանակներում: Արդյո՞ք դա նշանակում է, որ անօրինական ներգաղթածներին առնչվող՝ վերջերս ուժի մեջ մտած տեղական օրենքը հակասում է դաշնային օրենքին:

«Դա արդեն ձեր մեկնաբանությունն է», - ասաց Անատոլի Դրյուկովը: -
«Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա բացարձակապես անառողջ իրադրություն է ստեղծվել այս գործողությունների շուրջ, դա լավ են հասկանում եւ Մոսկվայում... Եկեք սպասենք, պատգամավորները կգնան Կրասնոդար, իրենց աչքերով կտեսնեն, կգան, այդ ժամանակ ավելի շատ հիմքերով կքննարկենք իրավիճակը»:

Դեսպանը չհամաձայնեց «արտաքսում», «ազգամիջյան բախում» բնորոշումների հետ: «Սա անօրինական ներգաղթը սահմանափակելու խնդիր է», - ասաց նա, ավելացնելով, որ անօրինական ներգաղթյալները միայն հայեր չեն:

Անօրինական բնակվողներին գնացքներով Ռոստով տեղափոխելու, Կրասնոդար քաղաքի հայկական գերեզմանատան պղծման հետ կապված, Անատոլի Դրյուկովը ասաց, որ ճշգրիտ տեղեկատվության չի տիրապետում: Ամեն դեպքում, ինչ վերաբերում է գերեզմանատանը, ընդհանրապես նման գործողությունները խստորեն դատապարտեց ու անվանեց վանդալիզմ, բարբարոսություն:

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական հարց կարելի՞ է արդեն անվանել այն, ինչ տեղի է ունենում Կրասնոդարի երկրամասում» հարցին դեսպանը հարցով պատասխանեց. - «Իսկ ի՞նչ է տեղի ունենում Կրասնոդարում: Իսկ ինչու՞ են այլ երկրներ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան արտաքսում անօրինականորեն ներգաղթածներին»:

Ազգային Ժողովում ներկայացված ուժերի պատգամավորներն այսօր միաձայն մերժեցին, թե սա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների արդյունք է: Միայն «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը փոխանցեց այլ քաղաքական գործիչներից լսածը:

«Նրանք պայմանավորում են մեր երկու պետությունների հարաբերություններով», - ասաց Մալխասյանը՝ չմասնավորեցնելով: Սոսկ ավելացրեց, որ լսել է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի գործիչներից:

«Հայաստան» խմբի քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արա Կետիկյանը չբացառեց, որ վաղը սպասվող հանրահավաքում բարձրացվի նաեւ այս խնդիրը:

Պատգամավորները անհանդուրժող ձայն բարձրացրին հատկապես Կրասնոդար քաղաքի հայկական գերեզմանատունը պղծելու առիթով:

«Դա բարաբրոսություն է», - ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: - «Եվ դա ակնհայտ ազգային թշնամանքի հրահրման փորձ է»:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, թերեւս նկատի ունենալով Կրասնոդարի նահանգապետի կուսակցական պատկանելությունը (Տկաչովը կոմունիստ է), ասաց. - «Տարիներ շարունակ ինտերնացիոնալ բարեկամություն քարոզողները այսօր շովնիստական հայացքներով են հանդես գալիս»:

Կարապետյանը նաեւ մտահգություն հայտնեց, թե Կրասնոդարից այս երեւույթը շղթայական ձեւով կարող է տեղափոխվել ԱՊՀ այլ երկրներ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան