Այսօր «Ա1+» անկախ հեռուստաընկերության աջակիցների եւ ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ կազմակերպեցին դեպի նախագահական նստավայր:
Ի պաշտպանություն «Ա1+»-ի երկրորդ հանրահավաքին Ազատության հրապարակում այսօր գրեթե նույնքան մարդ էր հավաքվել, որքան մեկ շաբաթ առաջ: Նույնն էին նաեւ կարգախոսները՝ «Ա1 պլյուս, Ռոբ՝ մինուս», «Ազատություն՝ խոսքի ազատությանը», «Նախագահը՝ ազատ խոսքի գերեզմանափոր», եւ այլն: Հանրահավաքը կազմակերպած 14 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները պնդեցին, որ շարունակելու են պայքարը:
«Մենք պատրաստ ենք երկարատեւ եւ վճռական գործողությունների», - նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Այսօր մենք մերժում ենք նախագահին, որը խախտում է օրենքները ու Սահմանադրությունը եւ զրկում մեր ժողովրդին անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքից»:
Նախագահ Քոչարյանը, սակայն, նստավայրում չէր: Նա մեկնել էր Սպիտակ: Նախագահի նստավայրը Բաղրամյան պողոտայի կողմից պահպանվում էր ներքին զորքերի հատուկ ջոկատի կողմից: Մետաղե վահաններով եւ ռետինե մահակներով զինվորները եռաշարք շղթա էին կազմել:
Ավելի վաղ Ազատության հրապարակում ընթերցվեց «Ա1+» հեռուստաընկերության հայտարարությունը: «Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը «Ա1+»-ին եթերից զրկելու մասին քաղաքական առումով Ռոբերտ Քոչարյանի պատվերի կատարումն էր, իսկ իրավական տեսակետից՝ անօրինականություն», - ասված է հայտարարության մեջ:
Անկախ հեռուստաընկերության աշխատակազմը խնդրում է իր աջակիցներին շարունակել բողոքի ցույցերը. - «Մեր բոլոր ջանքերը զուր կանցնեն, եթե չլինի ձեր՝ «Ա1+»-ի հեռուստադիտողների աջակցությունը»:
Հանրահավաքում ընթերցվեց նաեւ մի շարք լրատվամիջոցների հայտարարությունը: Այն անվանվեց «Ոչ իշխանամետ մամուլի հայտարարություն» եւ ուղղված էր երեկ մամուլում հրապարակված 17 լրատվամիջոցների հայտարարության դեմ: Վերջինս անվանվում է «խոսքի ազատության դեմ իշխանությունների արշավանքը գլխավորելու հայտ»:
Ցուցարարների առջեւ ելույթներ ունեցան նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ընդդիմադիր այլ գործիչներ:
Նրանք ասացին, որ փորձելու են Ազգային ժողովին հարկադրել այնպիսի փոփոխություն մտցնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, որը թույլ կտա լուծարել նախագահ Քոչարյանի կողմից նշանակվող Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը: Նրանք հանրահավաքի մասնակիցներին խնդրեցին երկուշաբթի օրը հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց՝ օրենսդիրների վրա ճնշում գործադրելու նպատակով:
Հայաստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը կոչ արեց հավաքվել նաեւ Տնտեսական դատարանի մոտ ապրիլի 16-ին, երբ քննվելու է «Ա1+»-ի հայցը՝ ապրիլի 2-ին անցկացված մրցույթի արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ կրկին պնդել էր, որ հանձնաժողովի վրա ճնշումներ չեն եղել, եւ «Ա1+»-ի կապուղին տրվել է «Շարմ» ընկերությունը, քանի որ վերջինիս ներկայացրած ծրագիր-հայտը գերադասելի էր:
Էմիլ Դանիելյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան