Երեքշաբթի օրը Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցության) Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների տեղակալների խորհրդակցությունը, որի նպատակը մայիսի 14-ին Մոսկվայում ՀԱՊ-ի ամենամյա գագաթնաժողովի նախապատրաստումն էր:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ինչպես ասաց ՀԱՊ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն, Մոսկվայում նախագահների հանդիպմանը նախորդելու են անդամ երկրների վարչապետերի եւ պաշտպանության նախարարների նիստերը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկոլայենկոն ամերիկյան զորքերի ներկայությունը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում պայմանավորեց զուտ վերջիններիս՝ հակաահաբեկչական կոալիցիայի անդամ լինելով:
«Սակայն կոալիցիայի մյուս ուժերն էլ պիտի հարգեն մեր շահերը», - ասաց Վալերի Նիկոլայենկոն: - «Իսկ մենք կոնկրետ Կովկասում, կայունության ամրապնդման նպատակով, մտադիր ենք ամրապնդել ուժային այն բալանսը, որը ձեւավորվել է ռեգիոնում»:
Նրա խոսքերով, շուտով կստեղծվի հատուկ շտաբ, որը կհամակարգի ՀԱՊ-ի գործունեության երեք՝ արեւելաեվրոպական, կովկասյան եւ կենտրոնասիական ուղղությունները, ինչը այս կառույցը ավելի գործուն ու արդյունավետ մարմին դարձնելու նպատակ է հետապնդում:
Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, ի պատասխան հարցին, թե ինչ է անելու Ռուսաստանը, եթե ամերիկյան ռազմակայաններ հայտնվեն Վրաստանում ու Ադրբեջանում, ասաց. - «Դա ենթադրական հարց է»:
Նա չկամեցավ ենթադրություններ անել դեպքերի այդօրինակ զարգացման հնարավորության մասին: Ասաց միայն, թե Միացյալ Նահանգների ղեկավարությունը իրենց հավաստիացրել է, որ այս տարածաշրջանում մշտական ռազմական ներկայություն Վաշինգտոնի կողմից չի նախատեսվում: Աֆղանստանում իրականացվող հակաահաբեկչական արշավի ակտիվ փուլի ավարտից հետո կդադարեցվի նաեւ ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
Արմեն Զաքարյան, Երեւան