Քննարկվել են Ջավախքի հիմնախնդիրները

Ապրիլի 5-ից երկօրյա այցով Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կենտրոն Ախալցխայում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: Տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ջավախքահայության հիմնախնդիրները:

«Ա-Ինֆո» տեղական լրատվական գործակալության հաղորդմամբ, պատվիրակությանն ընդունել է Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին: Հանդիպումից հետո տեղի հայկական դպրոցում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Մոսիաշվիլին եւ Մարգարյանը ասել են, որ քննարկումներն անցել են «ջերմ եւ բարեկամական մթնոլորտում»:

Խոսելով Ջավախքի հիմնախնդիրների մասին, Ստեփան Մարգարյանը նշել է, որ Ջավախքը պահանջում է ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում՝ Վրաստանի կազմում, ինչը չի հակասում Վրաստանի Սահմանադրությանը: Նա լրատվամիջոցներին մեղադրել է ինքնավարության մասին իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելու մեջ: «Եվ ողջ հիմնախնդիրը կայանում է ոչ թե Ջավախքում, այլ նրա շուրջը», - ասել է Հայաստանի վարչապետի խորհրդականը:

Սամցխե-Ջավախեթիայում գործող ջավախքահայերի «Վիրք» կուսակցությունը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ հերքել էր անջատողականության մեջ վրացական լրատվամիջոցների մեղադրանքները: Կուսակցությունն իր պատրաստակամությունն էր հայտնել համագործակցել հասարակական-քաղաքական այլ կազմակերպությունների հետ՝ «տարածաշրջանը զերծ պահելու տարատեսակ սադրանքներից»:


Էմիլ Դանիելյան, Երեւան