Սերժ Սարգսյանը գոհ է ԱՄՆ կատարած պաշտոնական այցի արդյունքներից




Հայաստանի պաշտպանության նախարարը «հաջող» է գնահատում մարտի 17-23-ը իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ: Այցի արդյունքում ստորագրված փաստաթուղթը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ ռազմական շփումների հեռանկար է բացում:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի Դոնալդ Ռամսֆելդի, բարձրաստիճան այլ զինվորականների, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջի եւ Ռազմաքաղաքական հարցերի գծով պետքարտուղարի օգնական Լինկոլն Բլումֆիլդի հետ:

Ռամսֆելդի հետ հանդիպումից հետո Պենտագոնի խոսնակը ասել էր, թե Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համագործակցությունը մտնում է նոր դարաշրջան:

Սերժ Սարգսյանի խոսքերով, այցը հայ-ամերիկյան ռազմական խորհրդակցությունների սկիզբն է:

«Խորհրդակցության արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ... Համաձայն այդ փաստաթղթի, որոշվել է այս տարի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության հետ ստորագրել ռազմական շփումների ծրագիր», - ասաց նախարարը:

Համագործակցության բնագավառները երեքն են՝ կադրերի ուսուցում ու վերապատրաստում, կապի ոլորտ եւ խաղաղապահ ուժերը: «Մենք բավականին երկար ժամանակ է, որ ստեղծում ենք խաղաղապահ ստորաբաժանում, եւ այդ գործընթացում մենք օժանդակության կարիք ունենք: Միացյալ Նահանգները համաձայնել է համագործակցել նաեւ այս բնագառում», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը, ի պատասխան լրագրողների հարցերի, տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներում չեն քննարկվել Հայաստանի ռազմավարական գործընկերը հանդիսացող Ռուսաստանին առնչվող հարցեր:

«Միացյալ Նահանգները նպատակ չունեն փոխարինելու ռուսական զորքերին կամ ռուսական դերին Հայաստանում, այլ նպատակ ունեն լրացնելու», - ասաց նա, ավելացնելով, որ պետք չէ ենթադրել, թե ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցութունը խնդիրներ կառաջացի ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի երկրների հետ:

Հարցին, թե Վաշինգտոնը ինչպես է վերաբերում Իրան-Հայաստան նոր սկսվող ռազմական համագործակցությանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Թեհրանի հետ կապված որեւէ խնդիր չենք քննարկել»:

Նախարարը տեղեկացրեց, որ հայ-ամերիկյան խորհրդակցությունները պարբերական բնույթ են կրելու, եւ հաջորդ հանդիպումը ծրագրված է անցկացնել 2003 թվականի գարնանը Երեւանում:


Հրաչ Մելքումյան, Երեւան