Օրգանների փոխպատվաստումը կկարգավորվի օրենքով

Ազգային ժողովն այսօր քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու իրավական կարգավորմանը վերաբերող օրինագիծը: Հիմնական զեկուցողները մինչ այդ ընդունեցին պատգամավորների առաջարկների գերակշիռ մասը:

Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի կարծիքով, նման օրենքի ընդունումը կխթանի նաեւ բժշկագիտության այդ ոլորտի զարգացումը:

Արարատ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Հայաստանում հաջող է փորձը աչքի եղջերաթաղանթի, մաշկի փոխպատվաստման ուղղությամբ, իսկ առաջատարը երիկամի փոխպատվաստումն է: Նախարարը չհաստատեց տեղեկությունը, թե Երեւանի կլինիկաներից մեկում սրտի փոխպատվաստման են նախապատրաստվում:

Ըստ նրա, կարելի է երիկամային դիալիզի վրա ծախսվող պետական ֆինանսական միջոցներն ուղղել երիկամի փոխպատվաստմանը, ինչը ֆինանսական տեսակետից խիստ շահավետ է. մեկ հիվանդի տասը տարվա դիալիզի միջոցները հավասար են մեկ տարում տասը հիվանդի երիկամ փոխպատվաստելու միջոցներին:

Քննարկման ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին, Մկրտչյանը, այնուամենայնիվ, ասաց, որ փոխպատվաստման ոլորտում «սակավ է փորձը, եւ դրա պատճառներից մեկը նաեւ օրենքի բացակայությունն է»:

Պատգամավորների հիմնական մտահոգությունը կարելի է ամփոփել Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ելույթից այս հատվածով. - «Հանկարծ չլինի այնպես, որ մեկին կյանքից զրկեն՝ մյուսին կյանք պարգեւելու համար»:

Իսկ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, թե Հայաստանի ներկա սոցիալական վիճակը թույլ կտա հարուստներին գնել աղքատների օրգանները՝ վերջիններիս դարձնելով հաշմանդամ:

«Եթե չփորձենք օրենսդրական դաշտը կարգավորել, եւ եթե նման երեւույթներ հասարակության մեջ կան, դրանք միեւնույն է լինելու են», - ի պատասխան ասաց առողջապահության նախարարը:

Փոխպատվաստման երեւույթին կամ օրինագծին Հայ եկեղեցու վերաբերմունքի առնչությամբ, հարակից զեկուցող, պատգամավոր Արտակ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պաշտոնապես եկեղեցու կարծիքը չունեն:

Մայր Աթոռ Ս.Էջմիածնից հայր Բագրատ Վարդապետը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ օրգանների փոխպատվաստմանը Հայ եկեղեցու ընդհանրական վերաբերմունքը դրական է՝ եթե այն ուղղված է մարդու առողջությանը, եթե չի վնասում մարդուն, նրա համաձայնությամբ է արվում, եւ կոմերցիոն շահեր չի հետապնդում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան