Խորհրդարանը միահամուռ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելու հարցում

Խորհրդարանը այսօր ավարտեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի առաջին, հինգերորդ եւ յոթերորդ արձանագրությունների քննարկումը, եւ գրեթե կասկած չկա, որ վաղը սպասվող քվեարկությամբ Հայաստանի Ազգային Ժողովը կվավերացնի դրանք: Վավերացման ներկայացված փաստաթուղթը չվավերացնելու որեւէ կոչ կամ հորդոր այսօրվա քննարկմանը չհնչեց նիստերի դահլիճում:

Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ մտնող այս փաստաթուղթը քվեարկության կդրվի ընդամենը մեկ վերապահումով, որն արել է Հայաստանի կառավարությունը եւ՝ ընդունելի է համարել Եվրախորհուրդը:

Ըստ Կոնվենցիայի դրույթներից մեկի, ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ պետք է տարվի դատական իշխանության ներկայացուցչի մոտ, երաշխիքի դեպքում՝ ազատ արձակվի մինչեւ դատավճիռ, դատավարությունը պետք է ավարտվի ողջամիտ ժամկետում:

Ընդունելի համարելով այս մոտեցումը, Հայաստանի կառավարությունը պնդում է, որ այն չտարածվի զինված ուժերի կարգապահական կանոնադրության վրա, որով կարգապահական տույժի ենթարկելու կոնկրետ կարգ է սահմանված ժամկետային ծառայության զինվորների եւ սերժանտների համար:

Վավերացման ներկայացված առաջին արձանագրությունը վերաբերում է սեփականության, կրթության եւ ազատ ընտրության, չորրորդը՝ պարտքի համար ազատազրկումը, օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը արգելելուն: Յոթերորդը՝ օտարերկրացիների արտաքսման հետ կապված երաշխիքներին, սխալ դատապարտման դեպքում փոխհատուցում տրամադրելուն, նույն հանցագործության համար կրկին անգամ չդատվելու եւ չպատժվելու իրավունքին:

Մահապատժի վերացմանն առնչվող՝ Կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը խորհրդարանի վավերացմանը կներկայացվի միայն այն բանից հետո, երբ քրեական օրենսգրքի փոփոխությամբ առավելագույն պատիժ կսահմանվի ցմահ բանտարկությունը: Գործող օրենսգրքով մահապատժից հետո առավելագույնը 15 տարվա ազատազրկումն է:

Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հարցին, թե վավերացման ներկայացված մասում կա՞ն դրույթներ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության վրա, արտաքին հարաբերությունների հաձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այդպիսիք չկան:

Պատգամավոր Շավարշ Քոչարյանը իր ելույթում ասաց, թե կասկած չունի, որ Ազգային Ժողովը կվավերացնի Կոնվենցիան, կասկած, սակայն, ունի, թե վեցերորդ արձանագրության առանձին վավերացման բերելը կարող է վտանգել արձանագրության վավերացումը:

«Այս կոնվենցիայի քաղաքական նշանակությունն այն է, որ գոնե օրենսդրական մակարդակում մենք հռչակում ենք, թե ուր է գնում երկիրը», - ասաց «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Եվ ամենակարեւորը, որ ողջունեցին բոլոր ելույթ ունեցողները՝ Կոնվենցիան վավերացնելուց հետո Հայաստանի ցանկացած քաղաքացի, խումբ, կազմակերպություն իրավունք կունենա դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ երկրի դատական բոլոր հնարավորությունները սպառելուց հետո:


Ռուզան Խաչատրյան, Երեւան