Մամուլի տեսություն

«Հայաստանը պատրաստ չէ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Ի՞նչ է ուզում մեր հասարակությունը բանակցություններից: Հարցը պատասխան չունի», - գրում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Հայաստանը պատրաստ չէ ոչ միայն փոխզիջման, այլեւ՝ խաղաղության ու նաեւ՝ պատերազմի»:

Հրադադարի հաստատումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը միայն ծափահարելու կամ կենացներ ասելու ճանապարհ են անցել, հասարակությունը լիակատար անորոշության մեջ է մնացել, եւ դրանում մեղավոր են քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ իշխանությունները: «Հասարակությանը խնդրի կարգավորմանը պատրաստելը կլինի ցանկացած նախագահի եւ քաղաքական գործչի, առավել եւս՝ քաղաքական ուժի ամենամեծ նվաճումը», - շեշտված է «Հայկական ժամանակ»-ում: - «Իսկ արդյունքի հասնելու համար պարտադիր առաջնային քայլ է քաղաքական դաշտը մաքրել հորինված քաղաքական ուժերից: Դրանք ծանրաբեռնում են երկրի քաղաքական ու հասարակական՝ առանց այն էլ տկար միտքը... Հորինված քաղաքական ուժերը չեն կարող կարծիք ունենալ պատերազմի կան խաղաղության մասին: Անհրաժեշտության դեպքում չեն կարող հիմնավորել՝ ինչու են պետք պատերազմը կամ խաղաղությունը»:

«Իշխանությունների եւ նրա կրողների մտքերը միշտ չէ, որ սխալ են լինում: Պատահում է եւ հակառակը», - նշում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը, բերելով հետեւյալ օրինակները. - «Երբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանի հետ փոխզիջման գալու դեպքում հայկական զորքերը կարող են դուրս գալ ԼՂՀ-ից դուրս գտնվող որոշ տարածքներից, նա իրավացի է: Այլ հարց է, որ փոխզիջումը /եթե կայանա/ կլինի մեզ համար 10 անգամ պակաս շահավետ, քան այն, ինչի մենք կարող էինք հասնել 1997 թվականին: Եվ բոլորովին այլ հարց է, որ 98-ի պալատական հեղաշրջումը նախապատրաստելիս, պրն Սարգսյանը նման փոխզիջումների մասին չէր խոսում», - երանգավորում է խմբագիրը: Կամ՝ «Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ տարբեր տեսակի ընտրարշավները չպիտի զուգահեռվեն: Եվ դա ճիշտ է: Կա 95 թվականի դառը փորձը, երբ նույն օրն անցկացվեցին Սահմանադրության հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրությունները, եւ այդ փաստը ստվեր գցեց հանրաքվեի /հետեւաբար նաեւ՝ Հիմնական օրենքի/ վրա»:

«Խորհրդային տարիների ներքին գործերի եւ ազգային անվտանգության համակարգի աշխատակիցները, որոնք աչքի էին ընկնում մասնագիտական գրագիտությամբ, աշխատանքի տիրապետմամբ, ցավով են այժմ հետեւում այս համակարգերի գործունեությանը», - փոխանցում է «Առավոտ»-ը։ - «Դրանք այն կարեւորագույն կառույցներն են, որոնք երաշխիք պետք է լինեն երկրի եւ քաղաքացու անվտանգության։ Վերջին տարիներին եւ այսօր էլ այս երկու կարեւորագույն նշանակության համակարգեր մուտք կարող է գործել՝ ով պատահի, եթե ամուր «մեջք» կամ հովանավոր ունի», եւ ինչպես ներքին գործերի համակարգի մի հին աշխատակից է համեմատել՝ իր 25 տարվա աշխատածը սրանք հինգ րոպեում են ունենում, չափի զգացողություն չկա: «Առավոտ»-ում այս բոլոր խոհերն այսօր ներքին գործերի փոխնախարար Հովիկ Հունանյանի ապարանքների շուրջ են:

«Մասնագետների կարծիքով, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է պարտադիր երեք գործոնների առկայություն: Առաջին՝ դա սեփական տանը կարգուկանոն հաստատել ցանկացող պետության կամքն է: Երկրորդ՝ հստակ եւ կարծր ձեւակերպված օրենսդրությունը: Եվ երրորդ՝ իրավապահ մարմիններ աշխատակիցների հմուտ եւ պրոֆեսիոնալ գործողությունները». - Թվարկվածներից ոչ մեկն այսօր մեզանում չկա, ուստի, - կանխատեսում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, - «պայքարը կոռուպցիայի դեմ տեսանելի ապագայում նույնպես կփոխարինվի գեղեցիկ խոսակցություններով»:

«Հարկավոր է պայքար ոչ թե ուրվականների, այլ դրանք ծնող մեխանիզմների դեմ», - ընդգծում է մեկնաբանը: - «Առողջացնել իրավիճակը հնարավոր է միայն հարված հասցնելով կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի տնտեսական հիմքերին: Առավել կարեւորը դրամի շրջանառության, բանկային եւ ձեռնարկատիրական կապիտալի մաքրումն է կեղտոտ փողերի առկայությունից: Հակառակ դեպքում, անկախ ընդունվող բոլոր օրենքներից, կոռուպցիան կծավալվի էլ ավելի արագ տեմպերով»:

Կառավարությունը մշակել է օրենքի մի նախագիծ, որով չեղյալ են համարվելու ընդունված այն օրենքները, համաձայն որոնց կառավարությունը ԱԺ հաստատմանը պետք է ներկայացնի այս կամ այն ոլորտը կարգավորելու հստակ մշակված ծրագիր։ «Ազգ» թերթի մեկնաբանը սրա դրդապատճառ է տեսնում այն, որ կառավարությունը գիտակցում է՝ մոտ ապագայում այդ օրենք-ծրագրերը կատարելն անիրատեսական է: «Հատկապես 2002 թվականից է սկսվում արտաքին պարտքի մարման ամենածանր շրջանը, ինչը, բնականաբար, ներկայիս հարկահավաքման տեմպերի պայմաններում, մեղմ ասած, շատ որոշակի ազդեցություն է թողնելու պետական բյուջեի, նույնն է՝ սոցիալական պարտավորությունների կատարման վրա», - կապվում է «Ազգ»-ում։

«Արժութային շուկայում դրամն աննախադեպ արագությամբ շարունակում է արժեզրկվել, եւ առաջիկայում դա անխուսափելիորեն կազդի ապրանքային շուկայի վրա», - տագնապ է հնչեցնում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, մասնավորապես ուղղորդելով, որ Կենտրոնական բանկը այսպես էլ չի կարողանում պատշաճ կառուցել իր դրամավարկային քաղաքականությունը:

Նույն թերթում այսօր արձանագրված է նաեւ, որ վերջին երկու տարիներին շուրջ 25 տոկոսով նվազած է բենզինի ներկրումը, ինչը «առաջին հերթին նոր գնային քաղաքականության պայմաններում այս ապրանքատեսակի սպառման ծավալների էական կրճատման հետեւանք է: Բենզինի ներկրման ծավալների անկումը անմիջական անդրադարձն ունեցավ բյուջեի եկամուտների վրա»: Դրանից ստացվող տարեկան մուտքերն էլ իրենց հերթին «կազմում են մաքսային մարմինների կողմից հավաքվող եկամուտների գրեթե 25 տոկոսը»: Նավթամթերքի միջազգային շուկայում գների ներկայիս բարձրացումը Հայաստանում էլ շուտով նոր բացասական դրսեւորումներ կանխատեսելու տեղիք է տալիս:


Վաչե Սարգսյան