Բագրատյանը «ոչ պեսիմիստական» է գնահատում «նախկինների» հնարավորությունները առաջիկա ընտրություններում

Թեեւ հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն, այսպես կոչված, «նախկինները» արդեն ակտիվորեն քննարկում ու ճշգրտում են իրենց մասնակցության կերպը առաջիկա քաղաքական գործընթացներին։ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախկին ինշանությունների ներկայացուցիչների՝ խորհրդարան մտնելու շանսերը գնահատում է «ոչ պեսիմիստական»:

1990-ականների կեսերի ամենաերկարակյաց վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարեց, թե, այսպես կոչված, աջ ազատական ուժերի ճամբարում երկրի նախագահի ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի լուրջ թեկնածուներ կան:

«Ուրախությամբ հայտնաբերեցինք, որ ամբիցիաները շատերը մոռացել են, եւ առնվազն երեք-չորս մարդ կա նախագահի թեկնածու: Եվ նրանցից ոչ մեկի պարագայում չես կարող ասել, որ դրանք պակաս են գործող իշխանությունը կամ դիմությունը ներկայացնող ցանկացած թեկնածուի նկատմամբ»:

Այն ենթադրությունը, թե այդ երեք-չորսից մեկը Հայաստանի առաջին նախագահը կարող է լինել, արդեն արծարծվել է մամուլում, իսկ այ, թե մյուս երկու-երեքը ովքեր են, պարոն Բագրատյանը չասաց:

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա «Ազատություն» կուսակցության նախագահի մատուցմամբ, այս հարցում էլ իրենց մեջ տիրապետող են միավորվելու տրամադրությունները: Նման դաշինքի ասպարեզ գալը, ըստ Բագրատյանի, կարող է հասարակությանը իրական ընտրության հնարավորություն տալ.

«Պարզ է, որ այսօրվա իշանությունը ունի, կարող է ունենալ եւ ունեցել է մեկ ընդդիմություն՝ այսպես կոչված, նախկին քաղաքական դաշտը, որի դեմ ամբողջությամբ լծված պայքարում են», - ասաց նա: - «Մնացած բոլոր ուժերը նրանց ավելի քիչ են հետաքրքրում: Եթե այդ դաշտում կայանա միանություն, ապա կարող եմ ձեզ ասել, որ ի շահ հասարակության եւ քաղաքական զարգացումների, իշխանությունը ոչ միայն ընդդիմություն կստանա, այլեւ հասարակությունը՝ զարգացման ալտերնատիվ»:

1999-ի խորհրդարանական ընտրություններին իշխանությունից հեռացված քաղաքական ուժերի ճամբարից խորհրդարանական ընտրություններին մասնակցեց միայն Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը՝ հավաքելով քվեների ընդամենը 1,3 տոկոսը:

Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններին աջ ուժերը կարող են գնալ միայն միասնական ճակատով, համոզված է նախկին վարչապետը:

«Իմ անձնական մոտեցումն է, որ պետք է միավորվել դաշինքի ձեւով: Իմ խորին համոզմամբ, այդ աջ դաշտում չկա մեկ կուսակցություն, որը ամբողջությամբ այսօր տիրապետում է լիբերալների կանոններին», - իր համոզմունքը փաստարկեց Բագրատյանը, ավելացնելով, թե գործող իշխանությունը դաշնակցական, ազգայնական-սոցիալիստական իշխանություն է, որը դատապարտված է, եթե իրենց ընտրաճանապարհին կանաչ լույս չվառի: - «Այսօրվա իշխանության փրկությունը այն է, որ բնականոն ձեւով, ոչ թե արհեստական խոչընդոտներով, թույլ տա, որ որպես ընդդիմություն հանդես գա այն ուժը, որը պիտի հանդես գա»:


Ատոմ Մարգարյան, Երեւան