Չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այս կարեւոր գործընթացը «նախընտրական տրամադրությունների, տրամաբանությունների գերի է դարձել»:
«Ընդունենք, որ կա սահմանադրական եւս մի տարբերակ բացի նախագահականից», - ասաց նա: - «Ուրեմն ոչ թե երկուսն են, այլ երեքն են: Կա նաեւ գործող Սահմանադրությունը, որը եւս ունի կողմնակիցներ, եւ այդ կողմնակիցների թիվը եւս բավական մեծ է: Եթե մենք հանրաքվեի դնենք երեք նախագիծ, ապա ակնհայտ է, որ ոչ մեկն էլ չի անցնելու, եւ մենք ուղղակի ձախողվելու ենք այդ հանրաքվեի ժամանակ»:
Ընդդիմադիր վեց կուսակցությունների ներկայացրած խորհրդարանական կառավարում նախատեսող սահմանադրական նախագծի հեղինակները պնդում են, որ իրենց նախագիծը հանրաքվեի դրվի նախագահի առաջարկած տարբերակի հետ միասին:
Վկայակոչելով հանրաքվեում հաղթելու համար խիստ պահանջները՝ այսինքն, որեւէ տարբերակ հաղթելու համար պետք է ստանա ընտրացուցակներում ընդգրկվածների առնվազն մեկ֊ երրորդի քվեն, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ սա նշանակում է, թե «քիչ ջանքերով, քիչ էներգիա ծախսելով կարելի է ձախողել Սահմանադրության բարեփոխումները»:
Պարզ դարձավ, որ հանրաքվեն առանձին նշանակելու մտադրություն հանրապետության նախագահը չունի՝ նկատի ունենալով այդ դեպքում ցածր մասնակցության հավանականությունը: Ուրեմն, հանրաքվեն կնշանակվի կամ տեղական ինքնակառավարման, նախագահի կամ խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ: Բայց, ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը, պետք է ընտրվի այն տարբերակը, որը ոչ մեկին հնարավորություն չի տալու հանրաքվեի արդյունքներն օգտագործել իր նախընտրական նպատակների համար:
Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: «Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի լինելու», - ասաց Հայաստանի նախագահը:
Նախագահի ձեւակերպմամբ, 2002 թվականի՝ իր թիվ մեկ խնդիրը քաղաքական կայունություն ապահովելն է: Եվ քանի որ տարին նախընտրական է՝ «նվազագույնին հասցնել նախընտրական տրամադրությունների եւ տրամադրության ազդեցությունը տնտեսության վրա»:
«2001 թվականը իր ցուցանիշներով մեր անկախությունը ձեռք բերելուց հետո՝ այս վերջին տասը տարվա ընթացքում, անկասկած, լավագույնն է», - անցած տարին բնորոշեց նախագահը, ավելացնելով, որ այն նաեւ ամենակայունն էր իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում:
Ռուզան Խաչատրյան, Երեւան