Մամուլի տեսություն

Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված Մուրադ Բոջոլյանի մասին «Երկիր»-ը գրում է, որ անվտանգության մարմինները նրանով սկսել են հետաքրքրվել, երբ նա արտաքին գործերի նախարարության Թուրքիայի վարչության պետն էր եւ այն ժամանակվա նախախար Վահան Փափազյանին տեղեկացրել են, որ Բոջոլյանի նկատմամբ ձեռնարկվել են որոշ «օպերատիվ» գործողություններ, ինչի մասին վերջինս չպետք է իմանար:

«Սակայն անհասկանալի «պատահականությամբ», - շարունակում է թերթը, - «Թուրքիայի բաժնի վարիչը թողնում է իր աշխատանքը եւ որոշ ժամանակ հետո, նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հովանավորությամբ, աշխատանքի է անցնում նախագահականի իրազեկման եւ վերլուծական կենտրոնում՝ կարճ ժամանակ անց ստանձնելով կրկին Թուրքիայի բաժնի պատասխանատուի պաշտոնը»:

«Երկիր»-ի խմբագրության տրամադրության տակ եղած որոշ փաստաթղթեր վկայում են, որ Բոջոլյանը ակտիվ դերակատարություն է ունեցել այդ շրջանում Թուրքիայի հետ մերձեցման գործընթացներում:

«Ազգային անվտանգության նախարարության վերջին գործողությունը նոր մի բացահայտում է այն տխուր իրավիճակի, որ եղել է Հայաստանի պետական համակարգում: Հիմա այդ պատասխանատուներից շատերը բացակայում են հանրապետությունից, որոշները շարունակում են տնօրինել բարձր պետական պաշտոններ կամ մեծ բիզնեսի մեջ են: Ու որեւէ մեկը իր բարոյական պարտքը չի համարում բացատրություններ տալ այս եւ նմանատիպ այլ խնդիրների կապակցությամբ», - նետերը դեպի նախկին իշխանությունն է ուղղում ՀՅԴ պաշտոնաթերթը:

«Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի վերջին այցը Մոսկվա իշխանության կուլուաներում հակված են դիտարկել որպես ապագա վարչապետի «շնորհանդես»: Միաժամանակ բավականին դժվար լուծելի խնդիր է Անդրանիկ Մարգարյանի պաշտոնանկության համոզիչ դրդապատճառ գտնելը, քանզի Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես դժգոհելու պատճառներ կարծես թե չունի»:

Դիտարկումների այս ծիրում «Իրավունք»-ը հետաքրքրական է համարում, որ նույն վարչապետը հերքեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի այն պնդումը, թե նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Մեկնաբանելով վարչապետի խոսքերը, թե դրա մասին վաղ է խոսել, «Իրավունք»-ը եզրակացնում է. «Անդրանիկ Մարգարյանը փաստորեն ինքն իրեն եւ ՀՀԿ-ին հնարավորություն է ստեղծում պաշտոնանկության դեպքում նաեւ աչքի առաջ ունենալ գործող նախագահին չպաշտպանելու տարբերակը»:

Հանրապետականների «Ժամանակ» թերթը, պաշտպանության տակ առնելով վարչապետին, ասես արձագանքում է. «Որքան վատ, այնքան լավ» ակզբունքից կառչած ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել», որ հանրապետության տասներորդ վարչապետի պաշտոնավարման տասնութ ամիսների ընթացքում գործադիր իշխանության վերին օղակներում գործերը ոչ միայն չեն վատանում, այլեւ շարունակում են լավ մնալ: Այդ կայունությունն էլ», - ըստ «Ժամանակ»-ի, - «բնականաբար, հաստատուն ցուցանիշներ է արձանագրում տնտեսության մեջ»:

«Առավոտ»-ի խնդրանքին ի պատասխան, հղում կատարելով գլխավոր դատախազի հայտարարությանը, նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը ասել է. «Վազգեն Սարգսյանին մեղադրանք ներկայացված չէ»: Վահե Գաբրիելյանը փոխանցել է նաեւ նախագահ Քոչարյանի տեսակետը. «Եթե մեղադրանք ներկայացված լիներ, դա կլիներ անբարոյականություն»:

Նույն թերթի խմբագրականը արձագանքում է. «Եթե քաղաքական գործիչները, առավել եւս՝ նախագահները սկսում են բարոյականությունից խոսել, արդեն կասկածելի է թվում։ Ամեն դեպքում, մինչ օրս Քոչարյանը նախագահի իր պաշտոնում ծավալած գործունեությամբ հաստատել է տարածված այն մտայնությունը, թե քաղաքականությունն ու բարոյականությունը անհամատեղելի են»։

«Իրավունք»-ի հարցազրույցում, պատասխանելով թղթակցի այն հարցադրումներին, թե Վազգեն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու, կարճելու կապակցությամբ նրան մերձավոր Հանրապետականները, Երկրապահները ինչու են լռություն պահպանում, Վահան Շիրխանյանը ասում է. «Ակնհայտորեն կշեռքի նժարներին են դրել սպարապետին պաշտպանելու եւ աթոռը պահպանելու խնդիրները: Ծանրը, իհարկե, աթոռն է եղել»:

Բավականին մեծ հարցազրույցում անդրադառնալով նաեւ սպասվող ընտրություններին, Վահան Շիրխանյանը կանխատեսում է. «Եթե քաղաքական ուժերը կարծում են, թե դաշինքներ ստեղծելով կկարողանան հաղթել 2003-ին, սխալվում են: 2003-ին Ռոբերտ Քոչարյանը կունենա վերընտրվելու բացառիկ հնարավորություն»:

«Ազգ»-ի տեղեկություններով, Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը համատեղության կարգով Հայաստանը կներկայացնի նաեւ Աֆղանստանում: «Ենթադրվում է, որ մարտի ընթացքում դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի այդ երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Համիդ Կարզային», - գրում է «Ազգ»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, արձանագրելով, որ կառավարության երեկվա նիստը Ռոբերտ Քոչարյանն էր նախագահում, դա կապում է այն բանի հետ, որ երեկ քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքի նախագիծը: «Այս նախագիծը ակնհայտ նպատակ ունի նախընտրական տարում սահմանափակել խոսքի ազատությունը եւ լրատվական գործունեությունը վերցնել պետության հսկողության տակ»:


Հրաչ Մելքումյան