Նախարարն ու ԱԺ փոխխոսնակը չեն դադարեցնում փոխադարձ վիրավորանքները




Չի դադարում Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի եւ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հեռակա բանավեճը. պաշտոնյաները շարունակում են հրապարակավ վիրավորանքներ հասցնել միմյանց:

«ԱրմենՏել»-ի կողմից րոպեավճար կիրառելու կապակցությամբ Անդրանիկ Մանուկյանը խիստ արտահայտություններ արեց Հայաստանում հեռախոսակապի մենատիրոջ հասցեին՝ թե Հայաստանը «փող լվանալու» երկիր չէ, եւ ինքը ամեն ինչ անելու է, որ հունական ընկերությունը հեռանա Հայաստանից:

Դրան ի պատասխան ԱԺ փոխխոսնակը ասել էր, թե նման հայտարարություններ անելուց առաջ «հարկավոր է մտածել հետեւանքների մասին», առավել եւս այն դեպքում, երբ, ըստ Գագիկ Ասլանյանի, րոպեավճար կիրառելու մասին որոշումը կառավարությունը վաղուց էր կայացրել, եւ Անդրանիկ Մանուկյանի պահվածքը սոսկ «հեռուստաշոու» էր:

Անդրանիկ Մանուկյանը իր դեմ ուղղված այս մեղադրանքին արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում՝ Գագիկ Ասլանյանին անվանելով «երկկենցաղ մարդ» եւ ասելով, թե պետականությանը վարկաբեկում է այն պաշտոնյան, որ իր անձնական շահերից ելնելով է խոսում պետականության վարկաբեկման մասին:

Ըստ Անդրանիկ Մանուկյանի, Գագիկ Ասլանյանը նման հայտարարություններ է անում, որովհետեւ պետեկամուտների նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ինքը մերժել է Ասլանյանի եղբորը հարկային տեսչության պետ նշանակել, փակել է պատգամավորի հովանավորյալ մաքսանենգի ճանապարհը, Արմավիրի Փոստային բաժանմունքի պետի պաշտոնից ազատել է Ասլանյանի կուսակցին:

Շաբաթ օր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ասլանյանը «սուտ» է անվանել Մանուկյանի բոլոր հայտարարությունները: «Ցավոք սրտի Անդրանիկ Մանուկյանը չի հասկացել իմ ասածի իմաստը... Շատ վատ է, երբ լեզվի մեջ ոսկոր չկա, ինչ ուզենում է՝ ասում է եւ շատ վատ է, որ ուղեղն էլ չկա, որպեսզի թելադրի՝ ինչ ասել», - ասաց Գագիկ Ասլանյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան