Առայժմ հարցաքննված վկաներից ոչ մեկը Աղամալ Հարությունյանին չի տեսել «Առագաստ» սրճարանում

«Առագաստ» սրճարանում անցած տարվա սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Պողոս Պողոսյանի սպանության գործով դատակոչված 30 վկաներից արդեն ցուցմունք են տվել կեսից ավելին, սակայն առայժմ չեն հնչել հստակ ցուցմունքներ, թե Պողոսյանին ամբաստանյալ Աղամալ Հարությունյանն է սպանել:

Այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տված հինգ վկաներն էլ, հիմնականում պնդում էին, թե ոչինչ չեն տեսել: Լրագրող Ոսկան Մամիկոնյանը երկար հարցաքննությունից հետո էլ չեր կամենում դատարանում կրկնել իր նախաքննական ցուցմունքները: Ի վերջո, դրանք հրապարակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի միջնորդությամբ:

2001թ հոկտեմբերի 5-ին Ոսկան Մամիկոնյանը տվել էր հետեւյալ գրավոր ցուցմունքը. «Նախագահի հեռանալուց քիչ անց նկատեցի, որ կողքի սեղանից մարդկանց կանչեցին, ուշադրություն չդարձրի կանչողի վրա: Իմ հիշելով, երեք հոգի գնացին աստիճանների ուղղությամբ, ուշադրությունս գրավեցին քաշքշուկի ձայներ: Մի քանի ինձ անծանոթ երիտասարդ հարվածում էին մեր կողքի սեղանից գնացած մարդկանց: Նրանց մեջ կոստյումով մարդ չեմ տեսել»: Նշանակում է, գոնե այս վկայի նախաքննական ցուցմունքով, Աղամալ Հարությունյանը քաշքշուկին չի մասնակցել:

Սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով անզգույշ սպանության մեղադրանք է ներկայացվել նախագահ Քոչարյանի թիկնազորի անդամ Ազամալ Հարությունյանին: «Հյումըն րայթս ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անցած տարեվերջին տարածած իր հայտարարության մեջ պնդում է, որ գործի նախաքննությունը թերի է կատարված եւ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում իրականում կատարվածին, որ Պողոս Պողոսյանի մահվան պատճառ դարձած ծեծին մասնակցել են մի քանի հոգի:

«Նախագահ Ռ.Քոչարյանի՝ նախաքննությանը ցուցաբերված հրապարակային աջակցությամբ հանդերձ, իրականությունն այն է, որ իրավապահ մարմինները վկաներին՝ ցուցմունքներ տալու դեպքում, անվտանգության երաշխիքներ չեն տվել»,- հայտարարել էր «Հյուման րայթս ուոթչ»-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Է.Անդերսենը: - «Տասնյակ վկաներ տեսել են, թե ինչպես են թիկնապահները ծեծում Պ.Պողոսյանին դեռ «Առագաստ» սրճարանում, սակայն հնարավոր հետեւանքների նկատմամբ վախն ու դրանով պայմանավորված դավադիր լռությունը հանգեցրել են նրան, որ նախաքննությունն ականատեսների ցուցմունքներ չի ունեցել»:

Անցկացված նախաքննությունը թերի են համարում նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք դեպքից անմիջապես հետո բազմիցս հայտարարել էին, թե հետամուտ են լինելու գործի լրիվ բացահայտմանը:

«Նախաքննությունը թերի է կատարված, չեն ուսումնասիրված բոլոր պարագաները, չեն ճշտված բոլոր անձնավորությունները միջադեպի հետ կապված, դա էլ խոսում է դատավարության թերի կողմի մասին», - անցած տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը:

Դատական նիստը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան