Աղամալ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում




Անցած տարվա սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի երկուշաբթի օրը սկսված դատաքննության առաջին նիստում ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Պողոս Պողոսյանը անցած սեպտեմբերի լույս 25-ի գիշերը սպանվել էր «Առագաստ» սրճարանում, ըստ մեղադրական եզրակացության, նրա եւ նախագահ Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանի միջեւ ծագած «փոխադարձ քաշքշուկի» արդյունքում: Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է:

Սպանվածի եղբայրը, սակայն, պնդում է, որ Պողոսյանին ծեծելով սպանել են նախագահի թիկնազորի մի քանի անդամներ: Մեղադրական եզրակացությունը անցած դեկտեմբերին խիստ քննադատության է ենթարկել Նյու Յորքում գործող «Հյումըն րայթս ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Առավոտ թերթն էր մեղավոր, որպեսզի Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի, քանի որ նկարը տպվել է», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Պողոսյանը:

«Այլք ականատես էին դարձել, թե ինչպես էր այդ վրացահայը՝ Պողոս Պողոսյանը, վիրավորական ռեպլիկ նետել Քոչարյանի հասցեին: «Լափառոշ», - սաստել էր նրան նախագահի թիկնապահը, որին բոլորը ուղղակի Կուկու են անվանում», - 2001թ սեպտեմբերի 27-ին գրել էր «Առավոտ» օրաթերթը:

Այսինքն լրատվամիջոցը ակամա ուղղորդողի դերում է հայտնվել: Համենայնդեպս հոդվածի ո'չ հրապարակմանը օրը, Անդրանիկ Պողոսյանի վկայությամբ, ո'չ էլ դրան հաջորդած մյուս օրերի եւ ընդհանրապես ողջ նախաքննության ընթացքում, վկաներից որեւէ մեկը կոնկրետ անձանց, առավել եւս Աղամալ Հարությունյանի անունը չի տվել:

«Ոչ մի անուն չկա, որովհետեւ նրանք անուն չգիտեն: Անուն չի տված, բայց մարդկանց թվաքանակ է տրվել», - ասաց Անդրանիկ Պողոսյանը:

Դեպքից հետո հանրապետության նախագահի կարգադրությամբ, մինչեւ քննության ավարտը դադարեցվել է ազգային անվտանգության նախարարության այն աշխատակիցների ծառայությունը, ովքեր դեպքի ժամանակ եղել են «Առագաստ» սրճարանում: Ու նորից անուններ չեն նշվել:

Աղամալ Հարությունյանին հարցաքննել են միջադեպից առնվազն մեկ կամ մի քանի շաբաթ հետո: Հարցաքննել են նաեւ մեկ այլ թիկնապահի՝ Գուրգեն Արսենյանին: Ի պատասխան հենց Աղամալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հիմքերի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Անդրանիկ Պողոսյանը ասաց. «Երբ Աղամալին քննեն, արդեն ուրիշ կեղծիքներ էլ կբացահայտեն, բայց հիմա ես չեմ ուզում ասել»:

Իսկ մեղադրող Էդուարդ Սարիկյանի հավաստմամբ, նախ մեկ-երկու վկա, այնուամենայնիվ, ցուցմունք տվել են, բացի այդ Աղամալ Հարությունյանն ինքն է ներկայացել դատախազություն եւ ցուցմունք տվել, որ միջադեպի ժամանակ «Առագաստ» սրճարանում եղել է:

Անդրանիկ Պողոսյանը, սակայն, լուրջ կասկածներ ունի եղբոր սպանությանը ամբաստանյալի մասնակցության վերաբերյալ:
«Աղամալ Հարությունյանին արդեն երեք օր է տեսնում ենք, այնպիսի դեմք ունի, որը դժվար թե չճանաչվի, եւ ես էլ կարծում եմ, որ շատ հավանական է սպանությանը մասնակցած չլինի... ես ինտուիցիայով հավատացած եմ, որ ինքը չէ», - ասաց նա:

Այսինքն տուժողի իրավահաջորդը համոզված պնդում է, որ Երեւանի դատախազության քննչական խումբը խեղաթյուրել է փաստերը եւ նախաքննությանն այլ ընթացք տվել:

Գրեթե նույն տեսակետը հայտնեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը անցյալ տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նախաքննության այս ընթացքը եւ առաջադրված մեղադրանքը ամբողջովին չի բխում գործից, որովհետեւ այն կցկտուր տեղեկությունը, որը կա գործում, ասում է, որ մի հոգու մասնակցությամբ չի եղել», - ասել էր Գեղամ Մանուկյանը: - «Նախաքննությունը թերի է կատարված, չեն ուսումնասիրված բոլոր պարագաները, չեն ճշտված բոլոր անձնավորությունները միջադեպի հետ կապված, դա էլ խոսում է դատավարության թերի կողմի մասին»:

Անդրանիկ Պողոսյանը պնդում է նաեւ, որ չեն հարցաքննվել մի քանի ականատես վկաններ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ:

Այդուհանդերձ, դատավարությունը նոր է սկսվել, ընդամենը երկու դատակոչված վկա է հարցաքննվել, դեռ ցուցմունք չի տվել ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը: Չի բացառվում, որ գործին առնչվող նոր հանգամանքներ էլ ի հայտ գան: Համենայնդեպս թե Դաշնակցությունը եւ թե տուժողի եղբայրը վճռական են, մի հարցում՝ առանց քաղաքականացնելու հետամուտ լինել գործի քննությանը, որպեսզի բացահայտվեն բոլոր մեղավորները եւ արդար ու ամբողջական պատասխանատվության ենթարկվեն:


Կարինե Քալանթարյան, Երեւան