Հայաստանը կաջակցի Ճապոնիային ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում




Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Տոկիոյում արարողակարգային բնույթի հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի հետ: Իսկ այցի շրջանակներում Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տանակայի հետ հանդիպած Հայաստանի արգործնախարար Օսկանյանը վերհաստատել է ՀՀ աջակցությունը Ճապոնիային ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, նախագահ Քոչարյանը այսօր հանդիպել է նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարների հետ: Արտաքին առեւտրի կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2002 թ. Ճապոնիայում կազմակերպել հայկական ոսկերչական ապրանքատեսակների ցուցահանդես, նախատեսվում է նաեւ Երեւանում բացել տեղեկատվական մարկետինգի կենտրոն:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ճապոնիայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ կազմակերպված արարողության ժամանակ ներկայացվել է հայ-ճապոնական բարեկամության նորաստեղծ խորհրդարանական խումբը: Խմբին անդամակցում են Ճապոնիայի խորհրդարանի 35 անդամներ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, Ճապոնիայի արտգործնախարար Տանական եւ Վարդան Օսկանյանը հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հետագա ծավալմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ստորագրվել են երկու հայտագիր՝ Ճապոնիայի կառավարության «Զարգացման պաշտոնական աջակցության» ծրագրի ներքո Հայաստանում բժշկական եւ մշակութային երկու դրամաշնորհային նախագծերի իրականացման վերաբերյալ: