Ճապոնիան ու Հայաստանը հավաստում են աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին, ընդլայնում են երկկողմ հարաբերությունները




Ճապոնիան եւ Հայաստանը համաձայնել են ամրապնդել միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ ընդլայնել բազմաբնույթ երկկողմ հարաբերությունները:

Համաձայնություններն արտացոլված են պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ճապոնիայի վարչապետ Յունիչիրո Կոիձումիի ստորագրած «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամության եւ գործընկերության մասին» համատեղ հայտարարության մեջ:

Ըստ ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարը:

«Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով ճապոնացի մի պաշտոնյայի, հաղորդում է, որ 35 րոպե տեւողությամբ հանդիպման ժամանակ վարչապետ Կոիձումին նախագահ Քոչարյանին ասել է՝ «Տարածաշրջանային անվտանգությունը պարտադիր է ահաբեկչությունն արմատախիլ անելու համար»:

Համատեղ հայտարարությամբ կողմերը հանձնառել են ամրապնդել համագործակցությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ջանքեր գործադրել միջուկային զենքի փորձարկումներն արգելելու ուղղությամբ, զարգացնել հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Այցի շրջանակներում նախագահ Քոչարյանը հանդիպել է նաեւ Ճապոնիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Տակեո Խիրանումայի եւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության նախագահ Տակաակի Կավակամիի հետ:

Ըստ ՀՀ նախագահի մամլո ծառայության, Տակեո Խիրանուման նշել է, որ Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Նա հավաստել է իր երկրի օժանդակությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործում:

Ռոբերտ Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ճապոնիան օգնության ծրագրերից արդեն անցնում է համագործակցության եւ զարգացման ծրագրերի:

«Մենք չափազանց շահագրգռված ենք Հայաստան ճապոնական մասնավոր ներդրումների ներգրավմամբ», -ասել է Հայաստանի նախագահը:

Դեկտեմբերի 20-ին ծրագրված է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի հետ:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան