Ըստ մեղադրական եզրակացության, Պողոսյանը մահացել է «փոխադարձ քաշքշուկի» արդյունքում

«Գործի նախաքննությունից ես գոհ եմ, որովհետեւ քննությունը արվել է բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ», - «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի նախաքննության վերաբերյալ հինգշաբթի ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը:

Սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի սպանության կապակցությամբ Քրեական օրենսգրքի 103 հոդվածի հատկանիշներով՝ «անզգույշ սպանություն», մեղադրանք է հարուցվել Հայաստանի նախագահի թիկնազորի աշխատակիցներից մեկի՝ Աղամալ Հարությունյանի նկատմամբ։ Գործի նախաքննությունն արդեն ավարտվել է ու մոտ օրերս կուղարկվի Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարան։

Կատարված նախաքննության իր գնահատականը հիմնավորելու համար Արամ Թամազյանը լրագրողներին ներկայացրեց մեղադրական եզրակացությունից հետեւյալ հատվածը. «Առագաստ» սրճարանի զուգարանում Աղամալ Հարությունյանի հետ... փոխադարձ քաշքշուկի ու հարվածների ընթացքում ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխով հարվածվել զուգարանի հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է»։

Հանրապետության գլխավոր դատախազն ավելացրեց, որ գործի նախաքննությունն անաչառ է վարվել, հարցաքննվել են միջադեպին ներկա 50-ից ավելի վկաներ, սակայն, նրանցից միայն մեկը՝ Պողոս Պողոսյանի սեղանակից Ստեփան Նալբանդյանն է ցուցմունք տվել, որը «նախաքննության ընթացքում չի հիմնավորվել»:

Ըստ գլխավոր դատախազի, Աղամալ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ շահերի պաշտպանն էլ միջնորդել է նրա մասով քրեական գործը կարճել, սակայն քննիչը միջնորդությունը մերժել է։

Դատավարությունը դեռ առջեւում է, սակայն, մի շարք որակավորված փաստաբաններ այժմ արդեն այն կարծիքին են, թե մեղադրական եզրակացությունն այնպես է կազմված, որ դատարանը ստիպված է լինելու գործը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Գլխավոր դատախազն այսօր ասաց, թե գործի հիմնավոր նախաքննությունից պարզվել է, որ կատարված սպանության մեջ դիտավորության պահ չկա. «Եթե սպանելու նպատակ ունենար՝ ատրճանակը մոտն էր, կհաներ ու կսպաներ: Մեր պատկերացմամբ եւ գործի ողջ տվյալների վերլուծությամբ այն հետեւությանն ենք հանգել, որ այստեղ մեղքի անզգույշ ձեւն է»:

Դեպքից հետո գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 100 հոդվածի՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով օրենքն ավելի մեծ պատիժ է սահմանել, բացի այդ, իրավաբանների վկայությամբ, կոնկրետ դեպքի համար կարող էր նաեւ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու մեղադրանք առաջադրվել:

Հոդվածի փոփոխությունը մեկնաբանելով, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նոյեմբերի 29-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Եթե սխալ է մեղադրականը, պարզ կլինի դատարանում, եւ դատարանում ինչ որ պարզվի, ըստ այնմ կկողմնորոշվենք՝ արդյո՞ք եղածը պարզապես նպատակահարմարության հարց էր, որ փոխվեց, թե եղած փաստերի հիման վրա»:

Դեպքից անմիջապես հետո Դաշնակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հետամուտ են լինելու, որպեսզի հանցագործությունը բացահայտվի: Ըստ «Առավոտ» օրաթերթի հրապարակման, Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը կարծում է, որ եթե Դաշնակությունը չլիներ, իր եղբոր սպանությունը «կձեւակերպվեր որպես ինֆարկտ»: «Այստեղ նաեւ Դաշնակցության պատվի գործն է», - ասել է Անդրանիկ Պողոսյանը:

Սպանվածի եղբոր խոսքերով, մեղադրական եզրակացությունը «կեղծ է, ծաղր է մեր իրավական համակարգին, մեր պետությանը, ապտակ է մեր ժողովրդին, բացահայտ սուտ է»:


Ատոմ Մարգարյան, Երեւան