Ընդդիմության կարծիքով, հասարակությունը անտարբեր է մարդու իրավունքների խախտումների նկատմամբ

Հայաստանյան որոշ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ եւ իրավապաշտպան կազմակերպություններ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշեցին խաղաղ երթով:

Մարդու իրավունքների պաշտպանության համախոհների երթը Ազատության հրապարակից շարժվեց դեպի մանկական զբոսայգի: Երթը խաղաղ էր, բայց ոչ բազմամարդ:

«Հաշվի առնելով մեր խորհրդային անցյալը եւ վերջին տարիների անցյալը, կարելի է ասել, որ հասարակությունը դեռ ամբողջությամբ չի ընկալել այդ իրավունքների կարեւորությունը, ինչպես նաեւ իշխանությունները չեն գիտակցում դրա կարեւորությունը», - ասաց երթի մասնակիցներից Հայաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը՝ փորձելով բացատրել երթի մասնակիցների շարքերի նոսրությունը:

«21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հատկապես որ իրավունքներն են մեր երկրում ոտնահարվում, ասաց. - «Չի կարելի այդ հիմնարար իրավունքների միջեւ փորձել տարբերություն դնել՝ որեւէ մեկը գերադասել մյուսների նկատմամբ»:

Երթի սակավամարդ լինելը Դավիթ Շահնազարյանը բացատրեց նրանով, որ մեր «հասարակության մեջ արդեն շատ մեծ է անտարբերությունը: Եվ ընդհանրապես, կարծես թե, կորել է հավատը սեփական ուժերի նկատմամբ»:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ մեր երկրում շատ կան եւ օրըստօրե բազմանում են, սակայն հասարակության մեջ մարդու իրավունքների շարժում, որպես այդպիսին գոյություն չունի, կարծում է իրավապաշտպաններից մեկը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Ցավոք սրտի, մեր մոտ ոչ միայն պետությունը չի պաշտպանում մարդու իրավունքները... ավելի ցավալին այն է, որ որ հասարակության մեջ չկա այդ պահանջը», - «Ազատություն» ռադիակայանին ասաց Ավետիք Իշխանյանը:

Նրա կարիծիքով, մարդու իրավունքների խախտման դրսեւրումներից առաջին տեղում դատարանների ոչ անկախ եւ անաչառ լինելն է, «ընտրելու եւ ընտրվելու իրավունքից մարդկան, փաստորեն զրկված լինելը», ինչպես նաեւ նախաքննության ընթացքում խոշտանգումները:

Հայաստանի նախագահին առընթեր մարդու իրավուքների հարցերով հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի խոսքերով, մեր կյանքի պայմաններում օրինաչափ է, որ ամեն օր հանձնաժողով մտնի մոտ 10 բողոք:

«Եթե մարդիկ գոհ լինեն իրենց կյանքի պայմաններից, նշանակում է դադարելու է երկրի առաջընթացը», - կարծում է Պարույր Հայրիկյանը: -«Այնպես որ, վայ մեզ, եթե մարդիկ ասեն՝ ինչ լավ ենք ապրում եւ բողոք չունենք»:


Շաքե Ավոյան, Երեւան