Խորհրդարական ընտրություններին ընդառաջ ակտիվանում է «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը

«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը այսօր անցկացրեց իր երկրորդ համագումարը: Առաջինը հիմնադիր համագումարն էր, որը գումարվել էր անցած խորհրդարանական ընտրությունների շեմին: Կուսակցությունն անցյալ ընտրություններում կարողացել էր ստանալ ընտրողների ձայների 3.8 տոկոսը:

Թեեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններն այնքան էլ մոտ չեն, կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը կուսակիցներին կոչ արեց պատրաստ լինել հաղթանակի:

«Չեն կարող Հայաստանում որոշումներ ընդունվել առանց մեզ, մենք շատ կարեւոր կուսակցություն ենք, որովհետեւ ունենք գաղափարներ, մենք ունենք գաղափարախոսություն: Եվ մենք ազնիվ ենք եւ չվարկաբեկված»:

Իր երկամյա լռության ընթացքում «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, ըստ տիկին Հարությունյանի, զբաղված էր քաղաքական դաշտի վերլուծությամբ, ինչի արդյուքնում պարզել է, որ չկա մի առողջ ուժ, որը կանգնած լինի դիմության եւ ընդդիմության միջեւ եւ հավասարակշռի վերջիններիս: Կուսակցությունը գտնում է, որ հենց այդ դիրքից կարելի է գնալ դեպի արժանապատիվ ապագա, ուստի զբաղեցնելու է այդ թափուր տեղը:

«Մեր տնտեսությունը չի կառավարվում հայրենասիրությամբ», - հայտարարեց տիկին Հարությունյանը, միաժամանակ ասելով, որ գոհ է արտաքին քաղաքականության, տնտեսության կարգավորման եւ տարբեր այլ հարցերում Հանրապետության նախագահի գործունեությունից:

Անհաշտ ընդդիմության երեք առաջնորդներին ու նրանց ներկայացրած ուժը տիկին Հարությունյանը անվանեց «աջակողմյան ուժի կոնսոլիդացված զանգված»:

«Ես չէի համարի դա քաղաքական օպոզիցիա: Այս ուժը պայքարում է իշխանության եւ սեփականության վերաձեւմանն համար, այլ ոչ թե իդեոլագիայի համար: Այս ուժը սպասարկում է կարեւորագույն խնդիր այսօր՝ սեփականության բաժանումը հոկտեմբերի 27-ից հետո», - ասաց Լյուդմիլա Հարությունյանը:

«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը կառավարման համակարգի նախագահական տարբերակի կողմնակիցն է, սակայն կարծում է, որ ներկայիս համակարգը լուրջ կատարելագործման կարիք ունի: Ընդհանրապես օրենքի իշխանություն մեր երկրում չկա, ասում է կուսակցության նախագահը՝ «Օրենքն ավելի թույլ է, քան չինովնիկը»:

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, որն, ինչպես պարզվեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության ոչ թե անդամ, այլ համակիր է, իր ելույթում համոզմունք հայտնեց, որ կուսակցությունը իր չվարկաբեկված առաջնորդներով՝ նրանց ինտելեկտուալ ներուժով կշահի ժողովրդի համակարանքը, ինչը կդրսեւորվի հաջորդ խորհրդարանական ընտրություններում:


Շաքե Ավոյան, Երեւան