Վազգեն Մանուկյանը անհրաժեշտ է համարում ընդդիմադիր նոր դաշինքի ստեղծումը

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) 13-րդ համագումարը հաստատված օրակարգով ընդունեց կանոնադրական փոփոխությունները եւ կուսակցության նախագահ վերընտրեց Վազգեն Մանուկյանին:

Հերթական համագումարը Վազգեն Մանուկյանի գլխավորած կուսակցությունը անցկացրեց առանց մի շարք հիմնադիր անդամների, ովքեր այս տարվա ընթացքում հեռացել եւ իրենց կուսակցություններն են ստեղծել: Շավարշ Քոչարյանը դեռեւս գարնանը ստեղծել եւ գլխավորում է Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), ամռանը առանձնացավ Արշակ Սադոյանը՝ ստեղծելով Ազգային ժողովրդավարների դաշինքը (ԱԺԴ), եւ վերջապես Սեյրան Ավագյանը՝ Ժողովրդավարական ազգային միությունը (ԺԱՄ):

Համագումարին ներկա էին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ այդ թվում ԱԺՄ-ից առանձնացած կուսակցությունների՝ բացառությամբ Սեյրան Ավագյանի գլխավորած ԺԱՄ-ի:

Kուսակցության անդամներից մեծ մասն ու, այդ թվում նախագահ Վազգեն Մանուկյանը, վերջին տարվա ընթացքում կարծես խուսափում էին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները, հայտարարել, թե որ թեւում են՝ իշխանամետ թե ըննդդիմադիր: «Կառուցողական ընդդիմություն» արտահայտությունն ինչ-որ տեղ սկզբունքային թեզ էր դարձել շատերի համար, ինչն էլ մեծապես պայմանավորեց տարաձայնությունների առաջացումը:

Խորհրդարանում այլեւս մեկ պատգամավորով ներկայացված (խմբակցության մյուս երեք անդամները ԱԺՄ-ից դուրս են եկել), կառավարությունում այլեւս որեւէ ներկայացուցիչ չունեցող (պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը անցած շաբաթ ասել էր, որ ինքը ԱԺՄ անդամ չէ), մի շարք սկզբունքային հարցերում իշխանություններին դեմ հանդես եկող կուսակցությունը շարունակում է ընդդիմադիր մնալ, սակայն՝ «Մենք այն ընդդիմությունն ենք, որ ոչ թե ուզում ենք հանրահավաքներով իշխանություն փոխենք, ոչ թե ուզում ենք իմփիչմենթ անենք: Մենք ուզում ենք մեր շուրջը հավաքել մեր կողմնակիցներին», - համագումարում ասաց Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքերով, ԱԺՄ-ն ուզում է համախմբել այն ուժերին, ովքեր ծրագրերի ու գաղափարների պայքարի դուրս կգան: Ուստի անհրաժեշտ է դաշինք ստեղծել եւ, Վազգեն Մանուկյանի համոզմամբ, այդ դաշինքում ԱԺՄ-ն «տանող ուժն է լինելու»:

Շավարշ Քոչարյանի ղեկավարած ԱԺԿ-ի վարչության անդամ Վարդան Պողոսյանն, իհարկե, դաշինք ստեղծելուն կողմնակից է, բայց համամիտ չէ, որ հենց ԱԺՄ-ն պետք է լինի առաջնորդողի դերում:

«Չեմ կարծում, որ հիմա ԱԺՄ-ն տանող ուժ դառնա այդ դաշինքի մեջ: Խնդիրն այն է, որ մենք ունենաք որոշակի հարցադրումներ, այդ հարցադրումների շուրջը միահամուռ լինենք եւ պայքար տանեք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Պողոսյանը, ավելացնելով, որ դրանից հետո միայն ժողովուրդն ինքը կորոշի, թե ով պետք է լինի առաջնորդող ուժը, ով՝ աջակցող եւ ով՝ լրացնող:

«Ես հույս ունեմ, որ ԱԺՄ-ի այսօրվա համագումարը առաջընթաց կլինի արժեքների վերականգնման ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արշակ Սադոյանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ԱԺՄ-ում ինքնամաքրման գործընթացն արդեն սկսվել է, եւ կուսակցության նախագահն էլ սթափ է գնահատում տեղի ունեցող անցուդարձը:

Վազգեն Մանուկյանը, գնահատելով կուսակցության անցած ճանապարհը, նշեց բոլոր թերություններն ու բացթողումները: Կուսակցության համար կորցրած տարիներ էին հատկապես 1998-ի նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրությունների միջանկյալ ժամանակահատվածը: ԱԺՄ շարքերում հիասթափության ու հուսահատության ալիք բարձրացավ: Տեր չկանգնեցին պետությանը եւ ժողովրդական նոր ալիք բարձրացնելու փոխարեն որոշ մարդիկ անձնական շահերից ելնելով սկսեցին գործունեություն ծավալել:

Իսկ այսօր, ԱԺՄ նախագհի կարծիքով, բարենպաստ պայմաններ կան նոր շրջան սկսելու համար: Դրան պատրաստ են թե քաղաքական ուժերը եւ թե ժողովուրդը:


Կարինե Քալանթարյան, Երեւան