Պանթուրքիզմի դրսեւորումները ահաբեկչության թիրախ են դարձնում Չինաստանը

«Չինաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն սկզբունքը միաբեւեռ աշխարհի գաղափարի նկատմամբ ընդդիմախոսությունն է... քանի որ այսօրվա ամենահրատապ խնդիրներից մեկը ահաբեկչության դեմ պայքարն է, իսկ այն անհնար է միաբեւեռ աշխարհի պայմաններում ու մեկ՝ թեկուզեւ շատ հզոր պետության ջանքերով», - «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշունը:

Չինաստանը, դեսպանի խոսքերով, ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, քանի որ ինքն էլ ահաբեկչական գործողությունների թիրախ է դարձել: Նա ընդգծեց, որ դրանք հիմնականում պանթուրքստական մտածողության դրսեւորումներ են, որ տեղ են գտնում Չինաստանի՝ Աֆղանստանին, Տաջիկստանին ու Ղազախստանին հարող տարածքներում:

Անդրադառնալով այսրկովկասյան պետությունների հետ հարաբերություններին, դեսպան Չժաշունը ասաց, որ իր երկիրը կամենում է տարածաշրջանը լինի խաղաղ ու կայուն, եւ պետությունների միջեւ խնդիրները լուծվեն առանց ուժի գործադրման՝ խաղաղ ճանապարհներով:

Դեսպանը բարձր է համարում հայ-չինական միջպետական դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Ընթացիկ տարում տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի, ԱԺ նախագահի եւ պաշտպանության նախարարի այցելությունների Չինաստան: Պատասխան այցերը ծրագրված են 2002 թվականին:


Արմեն Զաքարյան, Երեւան