Ըստ ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենի, համաշխարհային տնտեսական լճացումը նվազեցրել է ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ




Կառուցվածքային բարեփոխումների վարկի (ՍԱՔ-4) երկրորդ չափաբաժնի տրամադրման հարցում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) դիրքորոշումները միմյանց հիանալի հասկացող «լավատեսի» եւ «հոռետեսի» երկխոսություն է հիշեցնում: ԱՄՀ-ն ասում է՝ վիճակը վատ է եւ ձեռնպահ մնում փող տալուց՝ նույնը խորհուրդ տալով Համաշխարհային բանկին։ Վերջինս, սակայն, համարում է, որ իր նկատմամբ ստանձնած պարտավորությունները Անդրանիկ Մարգարյանի կաբինետը կատարել է, եւ ՀԲ-ն պատրաստ է հատկացնել ՍԱՔ-4 վարկի 15 միլիոն դոլարի չափաբաժինը։ Սակայն մի պայմանով՝ եթե կառավարությունը հարթի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունեցած կնճիռները։

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ չորեքշաբթի վարած շուրջ մեկժամյա բանակցություններից հետո մոտավորապես նման հայտարարություն արեց Համաշխարհային բանկի անդրկովկասյան տարածաշրջանի ծրագրերի տնօրեն Ջուդի Օ՛ Քոննորը:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ էլ ՀԲ տարածաշրջանային տնօրենն ասել է, որ կառուցվածքային բարեփոխումների SAC-4 վարկի երկրորդ չափաբաժնի ժամանակին ստացման հետ կապված իրենք խնդիր չունեն, եւ հիմնական բանակցությունները պետք է վարել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:

Արժույթի հիմնադրամը դժգոհ է հատկապես Հայաստանի այս տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների թերակատարումից եւ կարող է իր կողմից օժանդակվող ծրագրով նախատեսված 10 միլիոն դոլարի վարկը չտալ։

Կառուցվածքային բարեփոխումների վարկի ստացման մի տարբերակ էլ կա. Համաշխարհային բանկը կարող է վարկը հատկացնել նաեւ առանց Արժույթի հիմնադրամի դրական եզրակացության: Սա, սակայն, այնքան էլ ցանկալի տարբերակ չէ.

Թերեւս, նույն վերապահ վերաբերմունքն է նաեւ ՍԱՔ-4-ի վերջին՝ 20 միլիոն դոլար չափաբաժնի հատկացման հարցում։ Այդ, այսպես կոչված «լողացող տրանշը» կապակցված է բացառապես էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցմանը: Այդ կապակցությամբ այսօր Ջուդի Օ՛ Քոննորը լրագրողներին ասաց, թե կառավարությունը բոլոր ջանքերը ներդնում է չափաբաժնի հատկացման գլխավոր նախապայմանը կատարելու հարցում, սակայն այստեղ էլ խանգարող հանգամանքներ կան:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցված տնտեսական լճացումը ներդրողների մոտ շահագրգռվածության որոշակի անկում է առաջացրել, եւ եթե հաշվի առնենք, որ տեղի ունեցան սեպտեմբերի 11-ի դեպքերը, ապա դա եւս մի նոր հարված է ներդրողների հետաքրքրությանը։ Այնպես որ, մենք չգիտենք, թե նախաորակավորված եւ համապատասխան ֆինանսական ու տեխնիկական կարողություններ ունեցող ներդրողը կմասնակցի արդյոք մրցույթին՝ թե ոչ», - փաստեց տիկին Օ՛ Քոննորը։

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ են անցել իսպանական «Յունիոն Ֆենոսա»-ն եւ ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍ-ը: Տիկին Օ՛ Քոննորը ամենայն հավանականությամբ նկատի ունի առաջինին։ Իսպանական ընկերությունը, թեեւ պաշտոնապես մրցութային հանձնաժողովին չի տեղեկացրել մրցույթից հրաժարվելու մասին, սակայն, դեռեւս սեպտեմբերի 21-ին «Յունիոն Ֆենոզա»-յի մենեջմենտի գծով պատասխանատուն «Ազատություն» ռադիոկայանին պաշտոնապես ասել էր, որ ընկերությունը մրցույթին չի մասնակցելու:


Ատոմ Մարգարյան, Երեւան