Ղարաբաղը կրկին տնտեսական համագործակցության առաջարկ է անում Ադրբեջանին

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նրանց Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսական համագործակցության մի շարք ծրագրեր ներկայացրին, որոնք կարող են իրագործվել չսպասելով հակամարտության վերջնական կարգավորմանը:

Ներկայացված ծրագրերից մեկը Լեռնային Ղարաբաղի ոռոգման ջրի վաճառքն է Ադրբեջանին: Խոսքը Սարսարգի ջրամբարի մասին է, որն ավանդաբար ոռոգման ջրի աղբյուր է ծառայել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ հարակից ադրբեջանական շրջանների համար:

Այս առաջարկը մի քանի ամիս առաջ արդեն ներկայացվել էր ադրբեջանական կողմին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջոցով: Ադրբեջանցի մասնագետը եղել էր Սարսարգի ջրամբարի մոտ եւ հարցը քննարկել արցախցի իր գործընկերոջ հետ: Հետագայում, սակայն, ադրբեջանական կողմը, ծրագրին հավանություն տալով հանդերձ, հրաժարվեցին վճարել ջրի դիմաց, եւ ծրագրի իրագործումը հետաձգվեց:

Այս շաբաթ ծրագիրը տեղում ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք հետաքրքրությամբ լսելու ու խնդրին ծանոթանալուց հետո առաջարկությունն ընդունել են ի գիտություն: Դիվանագետներին ներկայացվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համագործակցության այլ ծրագրեր:

ԵԱՀԿ-ն միշտ պաշտպանել է հակամարտող կողմերի միջեւ որոշակի տնտեսական համագործակցության հաստատումը մինչեւ հակամարտության վերջնական լուծումը: Հայաստանը նույնպես կողմ է արտահայտվել տնտեսական եւ սոցիալական որոշակի համագործակցության գաղափարին: Ադրբեջանը, սակայն, կտրականապես դեմ է հանդես եկել այդ գաղափարին:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ