«Հոկտեմբերի 27»-ի երկրորդ տարելիցը նշվում է լարված քաղաքական մթնոլորտում

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն՝ գնդակահարելով խորհրդարանի եւ կառավարության ութ անդամի, այդ թվում վարչապետ Վազգեն Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին: 2001 թվականի փետրվարից սկսված «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը շարունակվում է, աննախադեպ սպանդի կազմակերպիչներին վերաբերող հարցը մնում է առկախ:

Ոճրագործության երկրորդ տարելիցի օրը զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները գնացել էին առանձին-առանձին խմբերով եւ օրվա տարբեր ժամերի:

Առավոտյան ժամը 10-ին պատգամավորները Ազգային ժողովի բակում ծաղկեպսակ դրեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշաքարին, իսկ հետո մոտ 20-25 պատգամավոր՝ խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր, Կոմիտասի եւ քաղաքային պանթեոն:

Պատգամավորներից անմիջապես հետո Եռաբլուր եւ մյուս գերեզմանատներ են այցելել ու ծաղկեպսակներ են դրել նաեւ կառավարության որոշ անդամներ: Հանրապետության նախագահը զոհվածների հիշատակը հարգելու է գնացել օրվա երկրորդ կեսին, թեեւ արդեն կեսօրին Եռաբլուրում նրա անունից ծաղկեպսակ էր դրված:

Նկատի ունենալով վերջին շրջանում հանրապետությունում ստեղծված անհանդուրժողականության, փոխադարձ մեղադրանքներով լի քաղաքական մթնոլորտը, կարելի էր կռահել, որ նման մասնատվություն կլինի:

«Ատելության մթնոլորտը այս կողմից եւ այն կողմից պետք է հաղթահարվի: Կարծում եմ, որ դրա համար հնարավորություններ կարող են լինել», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային Ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Իսկ այդ հնարավորությունների հիմնական լծակներն, ըստ ԱԺ պատգամավորի, հանրապետության նախագահի ձեռքում են. - «Ընդդիմությունը ներկայացնում է ժողովրդի որոշակի հատված, հետեւաբար չի կարելի այդ հատվածին անտեսել: Անպայման պետք է հարաբերվել ժողովրդի այդ հատվածին: Իշխանությունը նույնպես ներկայացնում է մի որոշակի հատված՝ անկախ քանակից: Եվ կարծում եմ, որ այս հարցում հանրապետության նախագահը լուրջ անելիքներ ունի, քանի որ նա պետության ղեկավարն է, այսինքն՝ նաեւ ընդդիմության եւ իշխանությունների կամուրջն ապահովող անձը»:

Զինվորականների կարծիքով էլ կողմերը հաշտության եւ հանդուրժողականության եզրեր պետք է գտնեն:
«Այս իրողության մեջ ոչինչ չի մնում բացի հաշտվելուց: Իհարկե վատ է, որ միասին չեն: Իհարկե վատ է, որ կան հարցեր, որոնց պատասխանները չկան... աղաղակել, աղմկել, մեղադրել, վիրավորել... ոչ մի ձեւով արդարացված չէ», - ասաց Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:



«Եթե մինչեւ հիմա պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա իր մեջ մարդկություն, տղամարդկություն չի գտել՝ ասելու ներողություն, ես նրա փոխարեն ասում եմ՝ ներողություն, որ մենք թույլ տվեցինք նման ահավոր ազգային ողբերգություն», - Եռաբլուրում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան