Ալիեւը կրկին քննադատում է միջազգային միջնորդներին

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը կրկին քննատադել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միջազգային միջնորդներին՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներին, ասելով, թե նրանց առաջարկությունները հաշվի չեն առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է ռազմական գործողություների միջոցով վերադարձնել վիճահարույց տարածքը, եթե միջնորդները հայկական կողմից ավելի մեծ զիջումներ չպահանջեն: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական «Բակինսկի Ռաբոչի» թերթը:

«Ի՞նչ համաձայնության կարող ենք գալ հայկական կողմի հետ, եթե մեր հողը գրաված Հայաստանը չի ուզում ազատել այն», - ըստ ադրբեջանական այդ լրագրի ասել է Ալիեւը:

Ալիեւը ասել է նաեւ, որ ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը պետությունների տարածքային ամբողջականությունն է, եւ որ Ադրբեջանն ուզում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի այդ սկզբունքին համապատասխան:

«Կամ Մինսկի խումբը սկզբունքային դիրքորոշում է ընդունում այս հարցում, կամ մենք ստիպված կլինենք ռազմական միջոցներով ազատագրել մեր հողերը», - ասել է Ալիեւը: - «Մենք նույնպես համարում ենք, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն այն չի լուծվում»:

Ադրբեջանի 79-ամյա ղեկավարը մեջբերված մեկնաբանություններն արել է երեքշաբթի օրը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինի հետ հանդիպման ժամանակ:

Ընթացիկ տարի Փարիզում եւ Քի Ուեսթում Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո թվում էր, թե խաղաղ գործընթացը մոտ է հաջող ավարտին: Սակայն հետագայում այն կանգ առավ:

Չորեքշաբթի Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի կողմից նորանշանակ համանախագահ Ռուդոլֆ Պենինան բանակցային գործընթացի վերջին շրջանի դադարը չհամաձայնեց բնորոշել որպես «սառած կամ փակուղի մտած: Նրա բնութագրմամբ, բնական է, որ որքան բանակցությունները մոտենում են հնարավոր լուծմանը, այնքան ավելի բարդ հարցեր են առաջ գալիս, որոնք առավել երկար եւ լուրջ քննարկում են ենթադրում:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այս գործընթացին եւ միանշանակ բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի այն առաջընթացը, որը վերջերս գրանցվել է, ավելի ամուր դառնա», - ասել է Ռուդոլֆ Պերինան:

«Ես գտնում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման առումով մեծ առաջընթաց է նկատվել», - ասաց Ռուդոլֆ Պերինան, - «եւ այդ առաջընթացը իր վերջնակետին հասցնելու հստակ նպատակ կա»:

Մեկնաբանելով իր այցի նպատակները, Պերինան նշեց, որ այն բանակցությունների եւ նոր առաջարկությունների նպատակ չի հետապնդում: Ուղղակի որպես Մինսկի խմբի նոր համանախագահ նպատակ ունի կողմնորոշվել եւ ծանոթանալ իրավիճակին:

Մինսկի խմբում իր առաքելությունն ավարտած Քերի Քավանոյին փոխարինած Ռուդոլֆ Պերինային այսօր ընդունել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանը զրույցի ընթացքում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը առավել ընդունելին է:

Ռուդոլֆ Պերինան տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով կհանդիպեն Լիսաբոնում՝ քննարկելու հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը, որից հետո արդեն նոյեմբեր ամսին նրանք կժամանեն տարածաշրջան:


Շաքե Ավոյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան