Մամուլի տեսություն

Հոկտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի քաղաքական հանձնաժողովն ընդունեց ֆրանսիացի պատգամավոր Ալեն Լամանսուրի տեղեկագիրը, ուր Եվրամիություն մտնելու համար Թուրքիայի առջեւ նախկինում դրված պահանջների շարքում բացակայում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը՝ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» աշխատանքներին չխանգարելու պատճառաբանությամբ: «Հայոց Աշխարհ» թերթն այսօր մեկնաբանում է. «Պարզ է, որ այդ քայլն արվել է հենց թուրքական կողմի խնդրանքով, որը ալիկարզումանյանների հետ սկսված խաբուսիկ ֆլիրտը եվրոպական հանրությանն է ներկայացրել որպես տեղի ունեցածը մոռացության տալու գնով թուրքերի հետ հաշտվելու հայ ժողովրդի ցանկություն... Եթե Եվրախորհրդարանն էլ միանա իր հանձնաժողովի տեսակետին, ապա դրանով փաստորեն խաչ կքաշի 87-ին իր իսկ ընդունած հայտնի որոշման վրա, եւ որպես այդ ամենի հետեւանք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հետ կմղվի առնվազն 20-25 տարով՝ ջուրը նետելով այս ընթացքում կատարված հսկայածավալ աշխատանքը»: «Հայոց Աշխարհ»-ի ամփոփմամբ, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ անդամները գործիք են դարձել թուրքական դիվանագիտության ձեռքին, եւ նրանց օգտագործում են որպես մեկուկես միլիոն անմեղ հայերի արյունը լվանալու համար նախատեսված թուրքական արտադրության օճառ»:

«Երկիր» թերթի մատուցմամբ, արտաքին ճակատի մեկ այլ տհաճության ակունք էլ Ամերիկայի հայկական համագումարն է, որը «նամակ է հղել ամերիկահայ քաղաքական, բարեգործական եւ եկեղեցական հաստատություններին ու կազմակերպություններին՝ կոչ անելով չստորագրել Հայ Դատի հանձնախմբի այն դիմումը, որով հանձնախումբը պահանջում է դիմել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որպեսզի վերջինս ուժի մեջ թողնի 1992-ին ընդունված օրենքի՝ Ադրբեջանի առնչությամբ ընդունված 907 պարբերությունը»:

«Անտրամաբանական հիմնավորումների բաժինն այն է, որ ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրը, ահաբեկչության դեմ տարվող պայքարի հաջողությունը կապվում է ահաբեկչության հետ խոր առնչություն ունեցող Ադրբեջանի դերակատարության եւ ընդունված օրենքի 907 պարբերության հետ», - ընգծված է «Երկիր»-ում արտատպված՝ «Հորիզոն» պարբերականի արդրադարձում: - «907 պարբերության վերացումը կամ մեղմացումը պարզապես նոր խթան կարող է լինել Ադրբեջանի հարձակողապաշտ նկրտումներին՝ ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի»: Սրա կողքին «Երկիր»-ի վերլուծականում շեշտադրված է, թե Հայաստանի իշխանության արտաքին ռազմավարությունը «ճիշտ է ընտրված, դիմանում է ժամանակի փորձությանը: Իսկ արդյունքում Հայաստանի միջազգային դրությունը կայուն է՝ ինչպես երբեք»:

Երեկ Շիրակում Ռ.Քոչարյանի հնչեցրած այն մտքին ի պատասխան, թե այլ երկրներում քաղաքական ուժերը դժվար պահերին համախմբվում է երկրի նախագահի շուրջ, իսկ մեզ մոտ՝ հակառակը, «Հայկական ժամանակ» թերթը հասցրել է շատ արագ բերել «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի հետեւյալ արձագանքը. «Ժամանակն է, որ Քոչարյան Ռոբերտը ըմբռնի այն պարզ ճշմարտությունը, որ թե՛ ժողովուրդը, թե՛ ընդդիմությունը չեն կարող եւ իրավունք էլ չունեն համախմբվել մի նախագահի շուրջ, որը ոչ միայն անօրինական է, այլեւ հանցագործ»:

Իսկ «Առավոտ» թերթում նախագահ Քոչարյանի երեկվա որոշ ակնարկների առնչությամբ մասնավորապես հակադարձվում է, թե նախկին վարչապետ Արամ Սարգսյանը մեղադրվում է տնտեսությունում վեց ամսում մի բան չանելու մեջ, ինչը երեքուկես տարում չի արել Ռոբերտ Քոչարյանը:

«Ճգնաժամ» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը այսօր կրկին իրավիճակ է ահազանգում, թե միջազգային ֆինանսական կազմակերություններն այլեւս չեն պատրաստվում Հայաստանի եկող տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ծածկել, ուրիշ աղբյուրներ էլ չունենք, այնպես որ բյուջեում ծախսերը մոտ 25 տոկոսով կրճատվելու են:

«Այս գումարներից էին ուղղակիորեն կախված բյուջետային հիմնարկությունների տասնյակ հազարավոր աշխատողների աշխատավարձերը, ոչ պետական ընկերությունների նկատմամբ կառավարության ունեցած պարտավորությունների կատարումը եւ բազմաթիվ այլ ծախսեր», - նշում է մեկնաբանը: - «Եթե իշխանությունները նահանջեն եւ, այնուամենայնիվ, որոշեն հակամարտության մեջ չմտնել ՀԲ-ի ու ԱՄՀ-ի հետ, ապա վերջիններս, որպես ռազմավար, պահանջելու են կառավարության հրաժարականը: Բացի այս, միջազգային ֆինանսական կազմակերպությունները որոշակի շտկումներ կակնկալեն նաեւ հայ-ռուսական հարաբերություններում»:

«Որեւէ իշխող կուսակցություն հանուն պետության այն քայլերը չէր անի, ինչ արեցին հանրապետականները», - իրենց կուսակցության այգին նետվող քարերին «Ժամանակ» թերթում արձագանքում է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք... չենք դժգոհում, որ բավական է մի տեղ «ծառ տնկենք», իսկույն մի քանի կուսակցություն իրենց դրոշներն են «տնկում» դրա կողքին ու ասում՝ էս ծառը իմն է: Չենք դժգոհում, որովհետեւ կարեւորն այն չէ, թե ով է տնկողը: Կարեւորը ծառն է»:

«Կառավարության կազմում ակնկալվող մոտալուտ փոփոխությունների» լուրերի առնչությամբ Գալուստ Սահակյանն ասում է. «Վարչապետի փոփոխությունն, ինչ խոսք, անբնական եմ համարում, թեեւ տեսականորեն ոչինչ չի կարելու բացառել... Հանրապետականների համար խիստ անսպասելի կլինի վարչապետի փոփոխությունը, որովհետեւ մենք բավականին լուրջ աշխատանքային պայմանավորվածություններ ունենք նախագահի հետ եւ լուրջ խնդիրներ, որոնք համատեղ պետք է իրագործենք»:

Օրվա մեկ այլ տարածուն թեմայի շրջանակում էլ Գալուստ Սահակյանը կիսվում է. «Ես անձամբ Մուշեղ Սաղաթելյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ եմ եղել եւ կամ, սակայն միաժամանակ դիտարկելի եմ համարում այն, որ յուրաքանչյուր հարց ճիշտ ժամանակին պիտի արծարծվի... Գաղտնիության քողով ծածկված կիսատ խոսքը, կարծում եմ, վտանգավոր է մեր պետության համար, առավել եւս այսօր, երբ աշխարհն ինքն է դարձել լարվածության օջախ»:

«Ազգ» թերթի մեկնաբանի խտացմամբ, նախկին բանտապետ Մուշեղ Սաղաթելյանը «ամեն ինչ անում է թյուրիմացությունների մեջ գցելու հասարակությանը եւ իր հարցն ամեն կերպ քաղաքականացնելու: Դա նրան իսկապես հաջողվեց եւ արդյունքում ունեցավ այնպիսի պատվար, ինչպիսին «Հանրապետություն» կուսակցությունն է, որը շտապեց հայտարարել, թե Մ. Սաղաթելյանն ըստ էության այսօր պահվում է պատանդի կարգավիճակով՝ ընդդիմության գործունեությունը սահմանափակելու եւ վերահսկելի դարձնելու նպատակով... Եթե «Հանրապետության» ողջ պոտենցիալն ընդամենը «27»-ի գործը քաղաքականացնելու եւ նախագահի «վրա» դուրս գալը չէ, ինչո՞ւ պիտի Սաղաթելյանի ձերբակալմամբ իրենք վերահսկելի դառնան», - տրամաբանում է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան