Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն ընդլայնվում է





Սեպտեմբերի երկրորդ կեսին Ստամբուլում կայացավ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի երկրորդ հանդիպումը, եւ, կարծես թե, այս անգամ կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել: Հանձնաժողովի ստեղծումը բուռն քննարկումների տեղիք տվեց: Այն, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց: Գլխավորապես առաջին արձագանքը բացասական էր, քննադատությունը շարունակվում է մինչեւ օրս: Երկրորդ հանդիպումից հետո հանձնաժողովի հայ անդամներն արդեն հասցրել են խոսել լրագրողների հետ: «Ազատություն» ռադիոկայանը արդեն ներկայացրել է Անդրանիկ Միհրանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի մեկնաբանությունները: Այսօր իր նկատառումներն է շարադրում Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Վան Գրիգորյանը:

Ստամբուլում, ինչպես պատմում է Վան Գրիգորյանը, թուրք եւ հայ հանձնաժողովականները քննարկել են այն բոլոր տեսակետները, որոնք արտահայտվել են մամուլում տարբեր մարդկանց կողմից: Իսկ մամուլում շատ է խոսվել հանձնաժողովի մասին: Եղել են նաեւ վկայակոչություններ, որոնցում, ըստ Վան Գրիգորյանի, սխալ է ներկայացվել հանձնաժողովի աշխատանքը:

Հանձաժողովի հայ անդամները հանդիպումներ են ունեցել տարբեր մարդկանց հետ, որոնք ներկայացնում են թուրք հասարակության տարբեր շերտերը, թուրքական մամուլը: Թուրքիայի մտավորականության, գիտնականների, դիվանագետների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներում քննարկվել է ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ հայերին եւ թուրքերին բաժանող շատ այլ հարցեր: Այդ քննարկումներում մարդիկ առաջարկներ են արել, թե ինչպես կարելի է խթանել հայ-թուրքական հաշտեցումը, ներկայացվել են այն հարցերը, որոնք բաժանում են երկու ժողովուրդներին:

Ստամբուլում հայ-թուրքական հանձնաժողովը օգնության առաջարկ է ստացել Անցումային արդարադատության միջազգային կենտրոնից: Հանրահայտ այս կենտրոնը, որը գտնվում է Նյու 3որքում, առաջարկել է հատուկ սեմինար կազմակերպել եւ ընդհանրապես օժանդակել հանձնաժողովի աշխատանքներին:

Հայ եւ թուրք հանձնաժողովականները քննարկել են նաեւ, թե ինչպես կարելի է առաջարկներ մշակել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խթանելու համար:

Չնայած Ստամբուլում ձեռք բերված այս դրական արդյունքներին, Թուրքիան ամենեւին չի թուլացնում իր կոշտ քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման հարցում եւ շարունակում է աչալրջորեն հետեւել, որ հանկարծ որեւէ երկիր կրկին ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն չկատարի կամ բանաձեւ չընդունի: Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում իր մոտ հրավիրեց Վատիկանի ներկայացուցչին եւ հիասթափություն հայտնեց Հռոմի պապի կողմից Երեւանում Գարեգին Բ կաթողիկոսի հետ կատարված համատեղ հայտարարության առթիվ, ուր 1915 թվականի կոտորածները բնութագրվում են իբրեւ ցեղասպանություն:

Անդրադառնալով սրան, Վան Գրիգորյանն ասաց. - «Նախ մենք գործ չենք ունենում Թուրքիայի կառավարության հետ: Եվ հետո, Հայկական համագումարը, որի նախագահն եմ ես, ողջունել է Հռոմի պապին այդ հայտարարության համար: Համագումարը միաժամանակ շարունակում է աշխատել միջազգային մասշտաբով եւ Միացյալ Նահանգներում ցեղասպանության փաստը վերահաստատելու եւ ճանաչելու ուղղությամբ: Բայց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում աշխատանքը տարբեր է: Մենք համաձայնել ենք, որ մեր աշխատանքի մյուս բնագավառներում սահմանափակումներ չենք ունենալու, բայց մենք համաձայնել ենք աշխատել համատեղ այն բնագավառներում, ուր կարող ենք հաջողություններ, ձեռքբերումներ ունենալ: Ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք նշանավոր թուրքերի հետ խոսել հայկական ցեղասպանության մասին: Եվ որքան շատ հնարավորություն լինի այդ հարցերն առանց գրաքննության, ազատորեն քննարկելու համար, այնքան լավ: Ակնկալո՞ւմ եմ ես արդյոք, որ թուրքական կառավարությունը փոխի իր քաղաքականությունը եւ հանկարծակի ճանաչի ցեղասպանությունը մեր հանձնաժողովի մի քանի ամսվա աշխատանքից հետո: Ոչ: Ուրախ եմ, որ թուրքական կառավարությունը թույլ է տալիս, որպեսզի մեզ բաժանող հարցերի պատասխանների փոխադարձ որոնման գործը առաջ ընթանա: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք անմիջականորեն քննարկելու այս հարցերը թուրք հասարակության վերնախավի անդամների հետ, այո ուրախ եմ: Ուրախ եմ, որովհետեւ գիտեմ, որ սա առաջընթաց է, գիտեմ, որ որոշ ժամանակ առաջ, այս ամենը պարզապես անհնար կլիներ, անհնար կլիներ այս մակարդակով նման քննարկումներ ունենալ: Մենք Թուրքիայում հանդիպեցինք այնպիսի մարդկանց, ովքեր ասում էին, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը: Բայց կային նաեւ մարդիկ, ովքեր կրքոտ կերպով հակառակ կարծիքն էին արտահայտում: Մենք պետք է նաեւ գործ ունենանք նման մարդկանց հետ»:

Հանձնաժողովի թուրք անդամներից Օզդեմ Սամբերքն ադրբեջանական մամուլում ասել է մոտավորապես հետեւյալը, որ, այս հանձնաժողովը կարող է արդյունավետ միջոց դառնալ թուրքերի համար՝ ցեղասպանության հետագա ճանաչումը արեւմտյան խորհրդարաններում կանխելու նպատակով: Հայաստանում եւ Սփյուռքում էլ նման մտահոգություններ կան: Այս կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի նախագահը ասաց. «Մենք այդ հարցերի վերաբերյալ ուղղակի քննարկումներ ենք ունեցել Ստամբուլի հանդիպմանը, հրապարակավ հայտարարել ենք, որ որոշ հայտարարություններ բոլորովին օգտակար չէին մեր ընդհանուր նպատակին: Ստամբուլում պայմանավորվածություն է ձեռք բերվել մամուլի հետ աշխատելու կարգի վերաբերյալ, մշակվել են սկզբունքներ մամուլի համար՝ ինչ պետք է ասել եւ չպետք է ասել իբրեւ հանձնաժողովականներ: Սակայն այդ սկզբունքները չեն տարածվում հանձնաժողովից դուրս»:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը քննադատվել է նաեւ առաքելության անորոշության համար: Մամուլում նշվել է, որ հանձնաժողովը հստակ չի սահմանել իր նպատակները: Բայց Ստամբուլի հանդիպմանը ավելի կոնկրետ հարցեր են քննարկվել: Հանձնաժողովը առաջին հերթին ցանկանում է սահմանել այն հարցերի շրջանակը, որոնք բաժանում են հայերին եւ թուրքերին:

Հանձնաժողովի մյուս կարեւոր առաքելությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խթանումն է: Հանձնաժողովը քննարկում է նաեւ Թուրքիայում hայկական ներկայության նկատմամբ վերաբերմունքի, պատմամշակութային հարցեր, գործարարությանն առնչվող հարցեր: Հանձնաժողովը փորձում է այս հարցերի շուրջ գտնել նոր լուծումներ, որոնք կարող են հետագայում երկու պետությունների կառավարությունների քննարկման առարկա դանալ:

Հանձնաժողովը չի քննարկում ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց զբաղվում է բոլոր այն հարցերով, որոնք առնչվում են ցեղասպանության հետեւանքներին: Սահմանները բացելու եւ Հայաստանի քաղաքացիների համար սահմանված խիստ վիզային ռեժիմի վերացման հարցերը նույնպես ընդգրկված են հանձաժողովի քննարկումների օրակարգում: Ցեղասպանության զոհերի փոխհատուցման խնդիրը նույնպես քննարկվում է:

Վան Գրիգորյանի բնութագրմամբ, ցեղասպանության հետեւանքների հարցերը բոլոր այն հարցերն են, որ վերաբերում են հայերին իրենց հայրենիքից հեռացնելուն եւ դրանք քննարկվում են հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում:

«Դա ոչ միայն հոգեբանական, ոչ միայն իրավական խնդիր է: Դա ամենակարեւոր խնդիրն է», - ասաց Վան Գրիգորյանը: - «Անդրանիկ Միհրանյանի հայրը մշեցի է, մայրը՝ ղարսեցի: Հորս ընտանիքը Չիմիսքեսեյից է, մորս ընտանիքը Շապինկարահիսարից է: Սա մեր հայրենիքն է մեզ համար: Մենք սիրում ենք Հայաստանը, բայց մեզ համար սա նույնպես հայրենիք է: Ահա մենք այս հարցը պետք է քննարկենք մեր թուրք գործընկերների, թուրք հասարակության եւ թուրքական քաղաքական գործիչների հետ: Հանձնաժողովը հատկապես սուր քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ հայկական պատվիրակությունը հիմնականում ներկայացնում է նախկին վերնախավին: Առաջարկվում էր ընդարձակել պատվիրակության ներկայացուցչական մակարդակը, ընդգրկելով հայ հասարակության ավելի լայն խավեր, քաղաքական հիմնական կուսակցությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, նշվեց, որ հայկական պատվիրակությունը ավելի փոքր է»:

Ըստ Գրիգորյանի, հանձնաժողովի անդամների ընտրության կարգի համաձայն, թուրքական կողմը որեւէ վերահսկողություն չունի հայկական պատվիրակության կազմավորման հարցում եւ հակառակը: Թուրքական պատվիրակությունը վեց անդամ ունի, իսկ հայկականը՝ չորս: Բայց վեցը չորսի հարաբերակցության վերաբերյալ որեւէ հատուկ համաձայնություն չի եղել: Թուրքերը եկել են առաջին հանդիպմանը վեց հոգով, հայերը՝ չորս: Նյու 3որքում հայ պատվիրակների թիվը մեկ կամ երկուսով կավելանա: Իսկ թե ովքեր կլինեն այդ պատվիրակները, Վան Գրիգորյանը հրաժարվեց հայտնել:

Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել ցանկացողները շատ են: Բազմաթիվ դիմումներ են եղել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր եկրներից: Հանձնաժողովականներն այժմ քննում են այդ դիմումները: Քննարկվում են նաեւ այնպիսի թեկնածուներ, որոնք քաղաքական գլխավոր կուսակցությունների անդամներ են: Սակայն նրանց թեկնածությունը քննարկվում ոչ իբրեւ կուսակցության ներկայացուցիչ, այլ իբրեւ անհատ մարդիկ: Հանձնաժողովում, ըստ Վան Գրիգորյանի, ոչ ոք կուսակցություն չի ներկայացնում:

«Մենք մտածում ենք նաեւ, թե ինչպես կարող ենք հանձնաժողովից անկախ երկխոսության մեջ ներգրավել այլ հայերի եւ թուրքերի: Մենք չենք ցանկանում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու բացառիկ միջոց է», - պարզաբանեց Վան Գրիգորյանը:

Նախապես ծրագրված էր, որ հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կկայանա Երեւանում, սակայն որոշվել է այն անցկացնել Նյու Յորքում: Ըստ Վան Գրիգորյանի, հանձնաժողովը սկզբունքորեն դեմ չէ Երեւանում հանդիպման անցկացմանը: Այդուհանդերձ, համաձայնության չի եկել հենց հաջորդ համդիպումը Երեւանում անցկացնելու հարցում:

«Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի առաջարկը հաձնաժողովին օժանդակելու վերաբերյալ այնքան կարեւոր էր, որ մենք որոշեցինք հաջորդ հանդիպումը անցկացնել Նյու 3որքում, որտեղ տեղակայված է այդ կենտրոնը: Իսկ նոյեմբերի 2-ին ես եւ թուրքական պատվիրակության անդամ Սամբերքը ելույթ կունենանք Թուրք-ամերիկյան ընկերակցության տարեկան ժողովում: Իմ կարծիքով, սա շատ լավ հնարավորություն է հայի համար խոսել հայերին եւ թուրքերին բաժանող հարցերի մասին, խոսել ցեղասպանության մասին այս հարցում լուրջ ձայն դարձած ամերիկացի թուրքերի առջեւ», - տեղեկացրեց Վան Գրիգորյանը:

Ամերիկայի հայկական համագումարի նախագահը անդրադարձավ նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի քարտուղարություն եւ մշտական գործող կառույցներ ստեղծելու, ինչպես նաեւ՝ ինտերնետային էջ բացելու հարցին: «Մենք շատ են քննարկել այն հարցը, թե որտեղ պետք է տեղակայվի հայ-թուրքական հաձնաժողովի քարտուղարությունը: Առաջարկներ շատ են եղել: Առաջարկվել է Հյուսիսային Ամերիկան: Առաջարկվել է քարտուղարություն հիմնել Երեւանում եւ Ստամբուլում, Եվրոպայում: Այս հարցի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են», - ասաց Վան Գրիգորյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա