Իլհամ Ալիեւը համոզված է, որ Հեյդար Ալիեւը կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում

Ստրասբուրգում օրերս իր աշխատանքն ավարտած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ տարվա վերջին նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանը) պատգամավոր, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում բացառել է իր մասնակցությունը Ադրբեջանի հաջորդ նախագահական ընտրություններին:

«Ես դա բացառում եմ, որովհետեւ Ադրբեջանում հաջորդ նախագահական ընտրություններին իբրեւ նախագահի թեկնածու մասնակցելու է Հեյդար Ալիեւը եւ, կասկած չկա, որ նա կստանա ադրբեջանական ժողովրդի քվեների ճնշող մեծամասնությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իլհամ Ալիեւը:

Իլհամ Ալիեւը Միլլի Մեջլիսի անդամ է 1995 թվականից՝ իբրեւ «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ: Եվրախորհրդում Ադրբեջանի պատվիրակության առաքելությունը Իլհամ Ալիեւը հիմնականում տեսնում է նրանում, որպեսզի «եվրոպական հանրության լայն շրջանակներին հասցնենք ճշմարտությունը Ադրբեջանի, նրա խնդիրների ու հեռանկարների մասին, որպեսզի ներկայությունը Ստրասբուրգում օգտագործվի սեփական շահերի հետապնդման եւ Ադրբեջանի ցանկությունները առավելագույնս իրականացնելու համար»:

«Թեպետ Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով, խաղաղ գործընթացում առաջընթաց չկա», - ասաց Իլհամ Ալիեւը, անդրադառնալով Ղարաբաղի հարցին: - «Սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը օգտակար աշխատանք է իրականացնում: Բոլոր դեպքերում, Ադրբեջանը չի կամենում, որ ԵԱՀԿ-ն թուլացնի իր առաջատար դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»:

Մյուս կողմից, ըստ Հեյդար Ալիեւի որդու, Ադրբեջանն ուզում է, որ Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ին չփոխարինելով հանդերձ, նույնպես ակտիվորեն մասնակցի այդ գործընթացին: «Ցավոք, - շարունակեց նա, - մենք նման մոտեցում հայկական կողմից չենք տեսնում»:

«Հայկական կողմը... խոսում է տնտեսական համագործակցության մասին: Հարկավոր է հասկանալ, որ դա անհնար է, որ Ադրբեջանը երբեք որեւէ համագործակցության չի գնա, քանի դեռ մեր տարածքները ազատագրված չեն», - Ադրբեջանի «կառուցողական» դիրքորոշումը ներկայացրեց Իլհամ Ալիեւը:

«Եվրախորհրդում տարբեր երկրներից 50 պատգամավոր պաշտպանել են մեր նախաձեռնությունը, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը քննության առնվի Եվրախորհրդի շրջանականերում: Կարծում եմ, դա մեր մեծ հաջողությունն է: Մենք մտադիր ենք աշխատանք կատարել այդ ուղղությամբ եւ կամենում ենք, որ ԵԽ-ն այդ հարցով նշանակի զեկուցող,որպեսզի փորձագետները, Ժամանելով Հայաստան ու Ադրբեջան, իրենց աչքով տեսնեն, թե ով է ագրեսորը, եւ ով՝ զոհը»:

Իլհամ Ալիեւը հերքեց հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մեղադրանքը, ըստ որի Ադրբեջանը կապեր ունի Օսամա բեն Լադենի հետ, ասելով՝ - «Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես եկավ պարզաբանմամբ, որ իրենք նման փաստեր չունեն»:


Արմեն Զաքարյան, Երեւան