«Առագաստ» սրճարանում կատարվածը քրեական հանցագործություն է

«Այստեղ նախագահ - Դաշնակցություն հարաբերությունների հարց ընդհանրապես չկա», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածը որքանով կարող է ազդել Դաշնակցության եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների վրա, ասաց ՀՅԴ բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Վահան Հովհաննիսյանը, փաստարկելով, որ Պողոս Պողոսյանին որպես դաշնակցական չեն սպանել, սպանողները նախագահին չեն ներկայացնում:

«Կա քրեական հանցագործություն: Եթե օրենքով գնա քննությունը եւ մեղավորները պատժվեն, հարց ընդհանրապես չկա: Եթե օրենքով չգա, եւ տեսնենք խախտումներ այդ պրոցեսի մեջ, տեսնենք, որ Հայաստանի դատական իշխանությունը կատարում է ինչ-որ խարդախություն, այդ ժամանակ մենք որպես կուսակցություն կխառնվենք: Եվ կխառնվեինք՝ անկախ զոհվածի քաղաքական պատկանելությունից», - հստակեցրեց Վահան Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճանարում տեղի ունեցած միջադեպի զոհը Դաշնակցության անդամ, Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ Պողոս Պողոսյանն էր: Դեպքից անմիջապես հետո Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հիմնավոր կասկածներ ունեն, թե կատարվածը սպանություն է, եւ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի մեղավորներն անպայման ստանան արժանի պատիժը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան