Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականները կոչ են անում ստեղծել միջազգային հակաահաբեկչական կենտրոն

Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը երկուշաբթի օրը Երեւանում կայացած նիստում ընդունեց համատեղ հայտարարություն՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին, որով աշխարհի ու խորհրդարանների ղեկավարներին կոչ է անում նախաձեռնել ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո հակաահաբեկչական միջազգային կենտրոնի ստեղծումը:

Ահաբեկչության դեմ միջազգային համատեղ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը այսօր շեշտել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ընդունելով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունը ներկայացնող դիվանագետների պատվիրակությանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆիլիպ Նյուվենհուսի գլխավորությամբ, Հայաստանի արտգործնախարարն արտահայտել է մեր երկրի պատրաստակամությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու ինչպես ԱՄՆ-ի հետ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

«Հայաստան-Ռուսաստան» միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտնեց, թե գործնականում գտնված են հայկական ատոմակայանի պահպանման ուղիները գոնե մինչեւ 2013֊-2015 թվականները: «Ներկայումս», - ասաց Նիկոլայ Ռիժկովը, - «բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ համագործակցության ձեւի վերաբերյալ»:

Հանձնաժողովի նիստում, Ռիժկովի վկայությամբ, քննարկվել է նաեւ Իրան - Հայաստան գազամուղի կառուցման, ինչպես նաեւ Նովոռոսիյկ- Փոթի լաստանավային փոխադրուղու հարցը: «Մենք բոլորս հասկանում ենք, - ասաց Նիկոլայ Ռիժկովը, որը նաեւ Ռուսաստանի պետդումայում էներգետիկայի, տրանսպորտի եւ հաղորդակցության հանձնաժողովի անդամ է, - «որ մեր տնտեսական հարաբերությունները կզարգանան, եթե չլինի Հայաստանի տրանսպորտային շրջափակումը»:

Նիկոլայ Ռիժկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահը նշել է, որ հայ- ռուսական հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել իրենց ակտիվությամբ, սակայն վերջին շրջանում դրանք ստացել են հատուկ դինամիզմ, եւ բոլոր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցության շատ լուրջ հնարավորություններ:

Նիկոլայ Ռիժկովը արդյունավետ է գնահատել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքը, առանձնացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումները:


Ռուզան Խաչատրյան, Երեւան