Ֆրանսիայի ղեկավարները շնորհավորում են Հայաստանի անկախության տասնամյակը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի նախագահ, սենատոր Ժակ Ուդենին: Վերջինս Ռոբերտ Քոչարյանին է հանձնել Հայաստանի Անկախության տասնամյակի առթիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի եւ Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի շնորհավորական ուղերձները:

«Դեռեւս շատ են անելիքները վերջնական խաղաղության հաստատման եւ բարգավաճման ճանապարհին՝ ինչպես ամբողջ Կովկասի, այնպես էլ Հայաստանի համար, սակայն ես անվարան վստահություն եմ տածում Ձեր վճռականության եւ Ձեր երկրի ներուժի հանդեպ՝ այդ նպատակին հասնելու համար: Ինչպես գիտեք, Հայաստանը վայելում է միջազգային հանրության աջակցությունը, որի առաջին շարքում մշտապես կլինի Ֆրանսիան», - ասված է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ուղերձում:

Այսօր ավելի վաղ Ժակ Ուդենը հանդիպում է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ: Ֆրասիացի սենատորը, ինչպես ԱԺ լրատավական ծառայություն է հաղորդում, փոխանցել է Ֆրանսիայի սենատի նախագահի համոզմունքը, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը հնարավոր է միայն երեք հանրապետությունների խորհրդարանների համատեղ ջանքերով:

Այսօր Երեւան ժամանեց նաեւ Ռուսաստանի պետդումայի պատվիրակությունը՝ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Բացի հոբելյանական հանդիսություններին մասնակցելուց, պատվիրակությունը անդամները Երեւանում հայ գործընկերների հետ կանցկացնեն ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, որը, հանձնաժողովի անդամ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով, կքննարկի ռուս-հայկական իրավապայմանագրային բազայի զարգացման հեռանկարները, միջպետական տնտեսական հարաբերությունների որոշ հարցեր, մասնավորապես՝ էներգետիկ եւ մշակույթի ու կրթության բնագավառներում:

Գնահատելով երկու երկրների տնտեսական հարաբերությունները, Նիկոլայ Ռիժկովն ասաց, որ «դրանք մեծ պոտենցիալ ունեն՝ 170 միլիոն դոլարի ապարանքաշրջանառությունը շատ փոքր է»:


Արմեն Զաքարյան, Երեւան