Մամուլի տեսություն

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ «Ժամանակ»-ի թղթակիցը դիմել է մեր խորհրդարանականներին՝ «Ինչ զարգացումներ են ակնկալում հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, որոնք, քաղաքական որոշ դիտորդների կանխատեսումներով, արդեն իսկ ուրվագծում են արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի որդեգրած կոմպլեմենտարության ընդգծված սահմանափակում՝ դեպի Հյուսիս»:

«Միամիտ են նրանք, ովքեր կուրծք ծեծելով փորձում են Ռուսաստանին բացատրել իր իսկ շահը: Ռուսաստանն իր շահերը շատ լավ գիտի», - ասել է պատգամավոր Վիլտոր Դալլաքյանը: - «Նաեւ միամիտ են այն մարդիկ, որոնց թվում է, թե Ամերիկայի ու Ռուսաստանի միջեւ կարող են կոմպլեմենտար քաղաքականություն վարել: Հայաստանը պետք է ճշտի իր տեղը: Ի վերջո, դո՞ւր է գալիս դա մեզ, թե ոչ, աշխարհի քարտեզը հուշում է, որ Կովկասը ռուսական ազդեցության գոտի է»: Եթե պարոն Դալլաքյանը այս ամենի հետ ընդգծում է, որ Հայաստանը պիտի առաջնորդվի բացառապես իր ազգային շահերով, ապա կոմկուսի խմբակցության անդամ Նորիկ Պետրոսյանի համոզմամբ՝ զատել Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը հնարավոր չէ:

«Մեր կողմից երկակի խաղ խաղալու տրամաբանությունը կարող է հանգեցնել այն բանին, որ մենք կրկին բախվենք1920 թվականի կրկնությանը», - ասում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի անդամ Աղասի Արշակյանը: - «Այն ժամանակ էլ մենք երեւի «կոմպլեմենտար» էինք, հետո 70 տարի լաց էինք լինում, թե ռուսները մեզ դավաճանել են: Մենք էինք մեր շահերին դավաճանել»: Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի շեշտադրմամբ էլ «Հայաստանն այսօր ճշգրտումներ չի անում իր արտաքին քաղաքականության մեջ: Ռուսաստանի նկատմամբ մեր վերաբերմունքը միշտ էլ շատ հստակ է եղել անցյալում եւ այժմ էլ որեւէ փոփոխության ենթարկվելու կարիքը չունի»:

Հրաժեշտի հարցազրույցների շարքում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Լեմոնը «Երկիր»-ի թղթակցին ասել է. «Մենք քաջալերում ենք Հայաստանի բազմակողմանի հարաբերությունները նաեւ մյուս երկրների հետ եւ նրա արտաքին կոմպլեմենտար քաղաքականությունը, որով ձգտում է հավասար հարաբերություններ ունենալ բոլորի՝ եւ' Ռուսաստանի, եւ' Արեւմուտքի հետ: Ես այս երեք տարվա ընթացքում միշտ ասել եմ, որ երբեք չեմ զգացել, թե Հայաստանը երկընտրանքի առջեւ է կանգնած՝ ընտրել Ռուսաստա՞նը, թե՞ Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

«Շահերի բախում միշտ էլ տեղի է ունենում երկրների միջեւ, եւ դա բնական է: Բայց ես չեմ կարող ասել, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետաքրքրությունները կարող են բախվել», - հավաստիացնում է դեսպանը, ընդգծելով բոլոր դեպքերում ընդհանուր շահի բավարարման մոտեցում կիրառելու նախապատվելիությունը: Համախումբ գործելու անհրաժեշտությունը առավել եւս կարեւորվում է սեպտեմբերի 11-ի ոճրագործությունից հետո:

«Ինչպիսի՞ն է անվտանգության համակարգերի վիճակը ՀՀ Քաղաքացիական ավիացիայում»: Այս հարցին ՀՀ ՔԱԳՎ եւ «Զվարթնոց» օդանավակայանի համապատասխան ծառայությունների ղեկավարների պատասխանն ավելի քան ինքնավստահ էր», - փոխանցում է «Ազգ-ի թղթակիցը: - «Սեպտեմբերի 11-ից հետո էլ խստացվել են ավիացիոն անվտանգության ընթացակարգերը, վերգետնյա օբյեկտների հսկողության ռեժիմը, ուղեւորների ու բեռների զննումը: Արգելվում է ինքնաթիռ մտցնել բոլոր տեսակի ծակող, բութ առարկաները, որոնք կարող են անգամ տեսականորեն վտանգ ներկայացնել»:

«Հայոց Աշխարհ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, «սեպտեմբերի լույս 14-ի գիշերը իրավապահ մարմինները բավական մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են հայտնաբերել նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին նախագահ Ազատ Արշակյանին պատկանող շինություններից մեկում»: Թեեւ երեկ երեկոյան «ՆԳՆ լրատվական վարչության պետ Արտակ Վարդազարյանը կտրականապես հերքել է այդ տեղեկությունները, բայց հենց այդ նույն պահին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՆԳՆ 6-րդ վարչությունում, ապօրինի զինանոցի հայտնաբերման կապակցությամբ ձերբակալված անձինք ինտենսիվ հարցաքննության էին ենթարկվում», - նշում է «Հայոց Աշխարհ»-ը, ավելացնելով. - «Սա վերջին ժամանակներս հայտնաբերված զենք-զինամթերքի արդեն երկրորդ խոշոր պահեստն է»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այսօր հարկ է համարել, այսպես ասած, վերամերկացնել Կարեն Դեմիրճյանին. «ՀԿԿ կենտկոմի հարգարժան առաջին քարտուղարը չէ՞ր, որ 88-ին՝ ղարաբաղյան շարժման ծիրում լեռնացած աննախադեպ համազգային վերելքին անհաղորդ, երկար ժամանակ համեստորեն լռում էր: Իսկ երբ վերջապես խոսեց՝ զանգվածային դժգոհության, տեղ-տեղ՝ հանիրավի մեղադրանքների թիրախ դարձավ, քանզի Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց. «Ղարաբաղը ջե՞բս ա, հանեմ՝ տամ ձեզ»... Ուստի, ի սեր Աստծո, չարժե անտեղյակ ձեւանալ եւ վիրավորված արժանապատվություն խաղարկել ՝ փորձելով համոզել հանրությանը, թե ԱԺ զոհված նախագահն անդրդվելի էր եւ ահավոր արմատական՝ ղարաբաղյան հիմնախնդրի, մասնավորապես, ազատագրված տարածքների հարցում»:

Իսկ «Հայկական ժամանակ» թերթը «այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց 2003 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին», հարցում է նախաձեռնել՝ պարզելու ընթերցողի վերաբերմունքը այդ հայտարարությանը: Հարցման օրը խմբագրությունը մոտ 60 հեռախոսազանգ է ստացել եւ երկու եզրակացություն է անում՝ «Կամ Քոչարյանը Հայաստանում ընդհանրապես ընտրող չունի, կամ էլ խմբագրություն զարգահարում են բացառապես Քոչարյանին չընտրողները»:

«Հայաստանն այսօր «արգելանոց» է, ուր ծաղկում են ընտրությունների՝ զարգացած երկրներում վաղուց մոռացված այլանդակ ձեւերը», - պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին, ասում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: - «Մինչեւ հասարակությունը չառողջանա, իսկ դրա համար ժամանակ է պետք, ազատ, արդար ընտրություների հույս չարժե ունենալ»: Դաշնակցության հայացքով, նախագահ Քոչարյանը, չնայած ցանկությանը, անհրաժեշտ վճռականություն չի ցուցաբերում ազատվելու նախկին վարչախմբի կադրերից, որոնք հիմա էլ լուրջ ֆինանսական ու վարչական լծակներ ունեն: ՀՅԴ-ն եւս մտահոգ է, որ նախագահը հաշտվում է ստվերային երեւույթների, կոռուպցիայի դրսեւորումների հետ: «Բայց պետք չէ հուսալ, որ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը վերեւից կլուծվի», - եզրափակել է Վահան Հովհաննիսյանը: - «Մենք պետք է միավորվենք եւ միացյալ ճակատ ստեղծենք դրա դեմ: Այդ ուղղությամբ կուսակցության առաջին քայլերը դուք շուտով կտեսնեք»:


Վաչե Սարգսյան