Մամուլի տեսություն

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, «ՌԴ նախագահի այցելության հետ կապված բազմաթիվ հարցեր ճշտված չեն: Ի վերջո, դժվար է անգամ ասել, թե արդյոք Պուտինը այցելելու է Հայաստան: Պարզ չէ անգամ, թե ինչպիսին է լինելու այդ այցը՝ պետական, պաշտոնական...»: Այսպիսով, թե' ժամկետները, թե' ստորագրվելիք փաստաթղթերը դեռեւս ճշգրտման փուլում են: Ինչ վերաբերում է այդ այցի կարեւորությանը, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը շեշտում է. «Այսօրվա իրավիճակը շատ նման է 1997 թվականի վերջին, երբ Հայաստանը փչացրել էր իր հարաբերությունները եւ' Արեւմուտքի, եւ' Ռուսաստանի հետ... Պուտինի այցը Հայաստանի համար կարելի է որակել որպես վերջին հնարավորություն՝ գոնե Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար»:

«Վաշինգտոնը բացում է խաղաքարտերը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթում պատկերվում է. «Վերջին ամիսների ընթացքում ուշադրությամբ հետեւելով Անդրկովկասում եւ Կասպից ծովի ավազանում Արեւմուտքի ներկայության չեզոքացմանն ուղղված Ռուսաստանի եւ Իրանի համակարգված քայլերին, ԱՄՆ-ը ներկայումս դիմում է սրընթաց հակահարձակման՝ ոչ միայն իր թուլացող դիրքերը վերականգնելու, այլեւ ընդարձակելու համար... Նման պայմաններում, երբ գերտերությունների մրցասպարեզը ակնհայտորեն տեղափոխվում է դեպի Կասպիականի ավազան, Վաշինգտոնի աչքում որոշ չափով նվազում է Հայաստանի դերն ու նշանակությունը եւ ակնհայտորեն մեծանում Ադրբեջանի աշխարհաքաղաքական արժեքը: Այս հանգամանքն իր անդրադարձն է ունենալու ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ ԱՄՆ-ի մինչ այժմ որդեգրած դիրքորոշումների վրա»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանությամբ, «Վաշինգտոնը համոզվել է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման իր նախորդ փորձերը ձախողվել են, որովհետեւ ինքը տարածաշրջանում գործել է միայն դիվանագիտական մեթոդներով՝ փորձելով կողմերին մղել փոխզիջման: Դրա հետեւանքով նա չի ուժեղացրել իր դիրքերը Հայաստանում եւ կանգնել է նաեւ Ադրբեջանը կորցնելու վտանգի առջեւ: Ուստի ամրապնդվելով Ադրբեջանում՝ ԱՄՆ-ը հույս ունի ոչ միայն չեզոքացնել Ռուսաստան - Իրան ռազմավարական առանցքի հետագա ամրապնդումը, այլեւ այլընտրանքից զրկել Հայաստանին»: Թերթում նշվում է նաեւ, թե Միացյալ Նահանգների «քողարկված հովանավորությամբ ՀՀ նախկին իշխանությունները ներկայացնող գործիչների միջոցով Հայաստանի ներսում սկիզբ է առնում արեւմտամետ ընդդիմադիր բեւեռի ձեւավորման գործընթաց՝ նկատի ունենալով 2003 թվականի նախագահական ընտրությունները»:

Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզային դատախազությունը՝ Ազգային համաձայնության ճակատի հուլիսի 23-ին Գյումրիում կազմակերպած հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին վիրավորանք հասցնելու մեղադրանքով փորձում է Աշոտ Մանուչարյանի դեմ քրեական գործ հարուցել: Զուգահեռելով Արկադի Վարդանյանի դուրսմղման սցենարի հետ, «Հայկական ժամանակ»-ը նշում է. «Վախենանք, սակայն, որ Արկադի Վարդանյանի փորձը կիրառելի չլինի Մանուչարյանի դեպքում: Վերջինս մի քանի անգամ արդեն փորձել եւ հաջողությամբ կիրառել է «բանտից՝ իշխանություն» բանաձեւը»: Քննելով հավանական մեղադրանքը, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը հավաստիացնում է. «Պետական կարգը բռնի ուժով տապալելու վերաբերյալ կոչ կարող են որակվել միայն այն հայտարարությունները, որոնցում կոչ է արվում Հայաստանը դարձնել ոչ ինքնիշխան, հակաժողովրդավարական, ոչ սոցիալական եւ ոչ իրավական պետություն»: Իսկ Ռոբերտ Քոչարյանին, առավել եւս Սերժ Սարգսյանին վիրավորելը՝ նման հանցակազմ չի պարունակում:

«Հոկտեմբերի 27»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը «Առավոտին» հայտնել է, որ հանձնաժողովի անդամները զբաղված են իրենց հաշվետվությունները կազմելով։ Հանձնաժողովի հաշվետվությունը հավանաբար խորհրդարանին կներկայացվի աշնանային նստաշրջանի երկրորդ եռօրյայում: Հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանը թղթակցին ասել է՝ «Ամբաստանյալներին տրվող արտադատարանական օգնության մասին խոսելը ռեալ չէ»: Հենց առաջին օրերին նա համոզվել է, որ «որեւէ կերպ չեն կարող սա վերահսկել»: Գրիգոր Հարությունյանի համոզմամբ, «եթե բոլոր տուժած պատգամավորները մեկառմեկ ներկայանային դատարան եւ Նաիրի Հունանյանին հարցեր տային կամ հայտարարեին, որ, միեւնույն է, ինքն իրեն ինչպես էլ պահի՝ մահապատիժն իրականացվելու է, գուցե ամբաստանյալի պահվածքը կփոխվեր։ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ, ի թիվս մյուս պատգամավորների, առաջին հերթին պետք է դատարան գնար եւ ամբաստանյալին հարցեր տար ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը»: Մինչդեռ՝ «հաձնաժողովի աշխատանքների երեք ամսվա ընթացքում Աժ նախագահը կամ նրա տեղակալներից որեւէ մեկը երբեւէ չեն հետաքրքրվել հանձնաժողովի գործունեությամբ»:

Գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը «Ժամանակ» թերթի հարցազրույցում իրեն բնութագրում է որպես հանրապետությունում լավագույն կազմակերպիչ-մասնագետներից, ընդգծված թերություններ չունեցող պետական գործիչ, ինչպես եւ լավ գործարար, որն «այսօր էլ մոսկովյան խոշոր ձեռնարկություններից մեկի բաժնետերն է»: Զավեն Գեւորգյանը գովաբանում է նաեւ գյուղացուն. - «Նա սեփականատեր է դարձել գաղափարապես: Ավելի բանիմաց է, եռանդուն, փորձում է պաշտպանել իր շահերը»: Ինչ վերաբերում է իրենց աշխատանքի, ծրագրերի կոնկրետ արդյունքներին, գյուղնախարարը ասում է. «Առանձին արդյունքներ ի հայտ կգան մոտ ժամանակներս, սակայն կան հարցեր, որոնց լուծմանը ավելի երկար պետք է սպասենք...Գյուղացիները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները: Վերջում ցանկանում եմ գյուղացիներին մաղթել համբերություն ու միաբանություն»:

«Այսօրվա վանաձորցին վաղուց մեզ հայտնի համակրելի, բարի ու միամիտ լոռեցին չէ»,- այդ քաղաքաից վերադառնալով իր տպավորությունն է փոխանցում «Երկիր»-ի թղթակիցը: - «Լոռու մարզպետարանի աշխատակիցները մարզպետարանի պատուհանից ցույց տալով քաղաքը, շտապ-շտապ խանդավառված ներկայացնում էին օգոստոսյան Վանաձորը՝ «քաղաքը ոտքի է կանգնել, շատ լավ բարեկարգված վիճակում է, աշխուժություն կա, մարդկանց երեսին աստիճանաբար ժպիտ է հայտվում»: Պատուհանից դուրս վանաձորցիների խոսքում, սակայն, գերակշռողը դժգոհությունն է, հակամարզպետկան տրամադրությունը: «Մի մարզպետ, որ էս վերջին շրջանում մենակ 12 եղնիկ սպանի, էլ նա բնության, անտառի մասին մտածողն է՞», - ասել է մեկը: - «Տեր չկա, անտառահատումը ոնց որ տասը տարի առաջ սկսվեց, այնպես էլ շարունակվում է»: Աշխատանք չկա, կան հին ու դրա շարունակություն նոր յուրացնող-իշխողներ: Բերվող մի ակնառու օրինակով՝ այս էվոլյուցիայում նախորդի օրոք հիմնված շքեղ առանձնատանը հիմա հավելվել է եւ սեփականաշնորհված կինոթատրոն, որն արդեն հացի փուռ է՝ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հովանու ներքո:


Վաչե Սարգսյան